Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ներկայացված 5 սկզբունքները խաղաղության պայմանագիր կնքելու համար

15.03.2022, 14:25
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ներկայացված 5 սկզբունքները խաղաղության պայմանագիր կնքելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։

Նախարարը նաև նշել է, որ ՀՀ ԱԳՆ–ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Միրզոյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակված և, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Նա ուշագրավ  համարեց, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։

«Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։

Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ», – նշել է ԱԳ նախարարը։

Նա ասել է, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը», –  նշել է Միրզոյանը։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Միրզոյանը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և Հայաստանը շարունակում է հետևողական լինել այս ուղղությամբ։

«Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է», – նշել է Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Խաղաղության պայմանագրի սկզբունքները, որոնք առաջարկել է Ադրբեջանը

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,

Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,

Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքից միմյանց անվտանգության նկատմամբ, զերծ մնալ սպառնալիքից և ուժից միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը,

Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,

Կողմերը պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները, հաստատել համապատասխան այլ կոմունիկացիաներ և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս բնագավառներում:–0–