Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ–ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ուշացումը պայմանավորված է եվրոպական առանձին երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրներով. ԵՄ ներկայացուցիչ

26.11.2019, 20:35
ԵՄ որոշ երկրներ նշում են, որ ՀՀ քաղաքացիների հետ կապված հարցեր կան, օրինակ նրանց, ովքեր փնտրում են ապաստան կամ խախտել են այդ երկրում բնակվելու ժամկետը։
ՀՀ–ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ուշացումը պայմանավորված է եվրոպական առանձին երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրներով. ԵՄ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և ԵՄ–ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ուշացումը պայմանավորված է եվրոպական առանձին երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրներով։ Այս մասին երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը։

«ԵՄ որոշ երկրներ նշում են, որ ՀՀ քաղաքացիների հետ կապված հարցեր կան, օրինակ նրանց, ովքեր փնտրում են ապաստան կամ խախտել են այդ երկրում բնակվելու ժամկետը։ Այս` առաջին հայացքից չնչին խնդիրներն ազդում են վիզային ռեժիմի դյուրացման հարցում այդ երկրի վարած քաղաքականության վրա», – ասաց նա։

ԵՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ վիզաների ազատականացման գործընթացի ձգձգման այլ պատճառներ չկան, առավել ևս` աշխարհաքաղաքական` ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցության համատեքստում։

«Դա ներառված է ԵՄ անդամ երկրների լիազորությունների շրջանակում։ Առկա բոլոր հարցերը կարող են լուծվել բանակցությունների և երկխոսության միջոցով», – ասաց նա։

ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն իր հերթին նշեց, որ ՀՀ–ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված աշխատանքները կսկսվեն եվրոպական երկրների հետ երկխոսության և բանակցությունների ակտիվ փուլի մեկնարկով։

«ՀՀ կառավարությունը, մասնավորապես ԱԳՆ–ն և Միգրացիոն ծառայությունը միակողմանի արդեն ձեռնարկել են քայլեր այդ երկխոսության զարգացման համար, և մենք ակնկալում ենք նման մոտեցում նաև ԵՄ–ի կողմից», – ասաց Ադոնցը։

Նրա խոսքով, Հայաստանն ու ԵՄ–ն պետք է գտնեն հարցի լուծման ընդհանուր մեխանիզմներ` հիմնվելով փոխադարձ հետաքրքրությունների վրա։

Ինչպես նշեց Ադոնցը, ՀՀ ԱԳՆ–ն 2018թ.–ից խորհրդակցություններ է անցկացնում եվրոպական երկրների մայրաքաղաքներում` վիզային ռեժիմի ազատականացման շուրջ նախատեսվող հարցերի ընդունման հետ կապված խնդիրները պարզելու համար։

«Մենք արդեն այցելել ենք 10 եվրոպական մայրաքաղաք, հերթում Վարշավան է։ Ձգտում ենք գնահատել ազատականացման գործընթացից ակնկալվող սպասումները, առկա բոլոր դժվարությունները ու գտնել խնդիրների լուծման ուղիները», – նշեց նա։–0–