Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՀՀ վարչապետ. Թուրքիան Արցախի պատերազմի գլխավոր հրձիգն է

30.10.2020, 22:25
Թուրքիան Արցախի պատերազմի գլխավոր հրձիգն է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցում
ՀՀ վարչապետ. Թուրքիան Արցախի պատերազմի գլխավոր հրձիգն է

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Թուրքիան Արցախի պատերազմի գլխավոր հրձիգն է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ 

«Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից»,- ասել է նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով վերահսկողության տակ առնելու խնդիր է դրված եղել:

Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ:  

Փաշինյանը նշել է, որ բոլոր այդ գործողությունները Թուրքիայի կայսերական քաղաքականության հերթական ապացույցն է: 

«Շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու: Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում»,- ասել է վարչապետը։-0-