Կոպիրկինը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցի մասին։
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե կարելի՞ է, արդյոք, ակնկալել, որ ՌԴ նախագահը հոկտեմբերին կայցելի Երևան` դեսպանը պատասխանեց. «Պետք է»։
«Դուք ունեք ա՞յլ տեղեկատվություն։ Ես այլ տեղեկատվություն չունեմ։ Մենք ելնում ենք այն փաստից, որ այստեղ անցկացվելու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Դա, ինչպես նշել է ՀՀ փոխարտգործնախարարը երեկ, կարծես, խորհրդարանում, պետությունների ղեկավարների ընդհանուր որոշումն էր», – ասաց Կոպիրկինը։
Պատասխանելով այն հարցին` կա՞, արդյոք, արդեն նման որոշում` դեսպանը հայտարարեց, որ գոյություն ունի որոշում հոկտեմբերին Հայաստանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացման մասին։
«Որևէ այլ որոշում չի ընդունվել», – ավելացրեց Կոպիրկինը։
Հոկտեմբերի 1–ին Երևանում կանցկացվի ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ նիստի անցկացման որոշումը հաստատվել է բոլոր մասնակից երկրների, այդ թվում` Ռուսաստանի ղեկավարների կոնսենսուսի միջոցով։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը։ Միությունը սկսել է գործել 2015թ.–ի հունվարի 1–ից։–0–