Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Միրզոյանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ–ն չի պատսխանել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին

24.06.2022, 15:37
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով նշել է, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից
Միրզոյանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ–ն չի պատսխանել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով նշել է, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից:

«Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով», – ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չի լսել։

«Այսինքն՝ հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները», – ասել է Միրզոյանը։–0–