Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը

02.10.2019, 10:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը։
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը։ 

«Ուզում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների իրադարձություններով, այլև մեր ժողովուրդների փոխհարաբերությունների բազմադարյան պատմությամբ։ Իսկ ձեզ, որպես ԵՏՄ նախագահ, ուզում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ, դրանք իսկապես լավն են երրորդ երկրների մեր գործընկերների հետ կապերի զարգացման տեսակետից և, ինչը պակաս կարևոր չէ, չեղավ ոչ մի խափանում», – նշեց Պուտինը։ 

«Դուք այն մարդն եք, որն առավելագույն ջանք է գործադրել նման արդյունավետ աշխատանքի համար, այդ պատճառով ես ձեզ ոչ միայն շնորհավորում եմ, այլև ուզում եմ շնորհակալություն հայտնել», – նշեց ՌԴ նախագահը։ 

Փաշինյանն իր հերթին հույս հայտնեց, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ավելի կամրապնդվի։

«Կարծում եմ, որ այսօր իսկապես նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել ԵՏՄ–ի շրջանակում. մենք ստորագրեցինք պայմանագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում պայմանագիրն Իրանի հետ ազատ առևտրի մասին։ Անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ Երևանում։ Դա շատ հիշարժան փաստ է ԵՏՄ–ում Հայաստանի նախագահության համար», – հայտարարեց Փաշինյանը։ 

Նա նաև նշեց, որ բավարարված է Միությունում Հայաստանի նախագահությամբ։

«Իհարկե, դեռ կա ժամանակ, և հուսով եմ` մեզ կհաջողվի դեռ գրանցել ինչ–որ արդյունքներ ԵՏՄ–ում», – ասաց նա։

Միաժամանակ ՀՀ վարչապետը կարևորեց նաև երկկողմ հարաբերությունները։ 

«Իհարկե, շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և հուսով եմ այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ամրապնդել։ Շնորհակալություն ձեզ պատրաստակամության և այն բանի համար, թե ինչպես եք ընկալում մեր հարաբերությունները։ Վստահ եմ, որ մեր հարաբերություններն ավելի ու ավելի կամրապնդվեն։ Համենայն դեպս (մենք, խմբգր.) այդպես ենք տրամադրված», – նշեց նա։–0–