Ռազմավարական երկխոսությունն իր տեղը զիջել է փոխադարձ մեղադրանքներին․ ՀՀ ԱԳ նախկին նախարարը՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Ռուսաստանն այսօր գտնվում են աշխարհաքաղաքական բեկվածքի վրա, որը ստիպում է կատարել ռազմավարական ընտրություն, հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
«Վերջին տարիների ողբերգական փորձը՝ 2020թ․–ի արցախյան պատերազմը, արցախցիների բռնի տեղահանումը, ինչպես նաև ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ, հանգեցրել են նրան, որ ներկա բարդագույն պայմաններում պահանջված ռազմավարական երկխոսությունն իր տեղը զիջել է փոխադարձ մեղադրական հռետորաբանական մենամարտերին հանրային տարածքում՝ հետևողականորեն միմյանցից հեռացնելով մեր բարեկամ երկրները», – ասաց նա «Հայաստանն ու Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային փոխակերպման պայմաններում․ դասեր և ռազմավարական ընտրություն» գիտաժողովի ընթացքում։
Այվազյանը նշեց, որ այս միտումը վտանգավոր է և ընդգծեց, որ դա օգուտ չի բերի ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին։
Նա ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ չնայած ամրապնդվող տնտեսական համագործակցությանն ու ֆիքսվող ռեկորդային ցուցանիշներին, անվտանգության ոլորտում շարունակում են խնդիրներ պահպանվել։
«Երկարաժամկետ համագործակցությունը տնտեսական, հումանիտար և այլ սկզբունքային կարևոր ոլորտներում գլոբալ փոխակերպումների պայմաններում ամբողջությամբ կախված է անվտանգության ճարտարապետության արդյունավետությունից։ Հակառակ դեպքում ներկա փոխգործակցության որոշ առաջնային ուղղություններ կհայտնվեն սպասվող և անսպասելի աշխարհաքաղաքական ցնցումների փլատակների տակ։ Հենց այս տրամաբանությամբ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել քաղաքական անվտանգության վրա», – ընդգծեց նախկին նախարարը։
Նրա խոսքով, նման մոտեցումներն արդեն հանգեցրել են չմտածված և իրավիճակային լուծումների, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են առաջացնել պետությունների շահերի էրոզիա։
Միաժամանակ նա ավելացրեց, որ անհրաժեշտ է հեռանալ շահառուների և սպառողների մոդելից ու անցնել մի մոդելի, որի դեպքում յուրաքանչյուր մասնակից իր ավանդն է ներդնում անվտանգության ճարտարապետության մեջ։