Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Չնայած Բաքվի սադրանքներին` Հայաստանը կշարունակի անել հնարավորինը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար. Սարգսյան

13.11.2012, 15:01
Հայաստանը կշարունակի անել հնարավորինը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ չնայած Բաքվի սադրանքներին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը LE FIGARO թերթին տված հարցազրույցում:
Չնայած Բաքվի սադրանքներին` Հայաստանը կշարունակի անել հնարավորինը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կշարունակի անել հնարավորինը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ չնայած Բաքվի սադրանքներին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը LE FIGARO թերթին տված հարցազրույցում:

«Չնայած Բաքվի գործողություններին, որը փառքի է արժանացրել սարսափելի հանցագործություն կատարած՝ քնած հայ սպային կացնահարած մարդուն, Հայաստանը կշարունակի անել հնարավորը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասել է Սարգսյանը:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին և արդարացվեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Մի շարք փորձագետների կարծիքով, Սաֆարովի գործի շուրջ իրավիճակը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Սարգսյանը նշել է, որ Փարիզում Երևանի և Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու վերաբերյալ` գոյություն ունեցող ձևաչափով, բայց, «այնուամենայնիվ, այդ հանդիպումը հեռու է նոր հույսեր ներշնչելուց»:

«Բաքուն մերժում է միջնորդների առաջարկած միջազգային սկզբունքները որպես բանակցությունների հիմք և կարծում, որ հնարավոր է անմիջականորեն բանակցություններ վարել խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ չհամաձայնեցնելով դա հիմնարար սկզբունքների հետ: Բայց խաղաղ կարգավորումը կարող է գործուն լինել միայն այն դեպքում, եթե այն հիմնված է բոլորի համար ընդունելի և պարզ սկզբունքների վրա»,- ընդգծել է նախագահը:

Այս տարվա հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը համանախագահների հետ համատեղ աշխատանքը շարունակելու հարցում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-