ԱԳՆ. Իտալիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իտալիան ընդհանուր առմամբ դրական է տրամադրված Հայաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը, երեքշաբթի Երևանում ասաց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը և Եվրամիությունը պայմանավորվել են ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կազմակերպել այդ հարցի շուրջ: Այս ուղղությամբ աշխատում է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Չեմ կարող ասել, թե ինչպիսին են ԵՄ մոտեցումները, սակայն Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Իտալիայի դիրքորոշումն ընդհանուր առմամբ դրական է», - նշեց Ջենտիլոնին:
Հայաստանը և Եվրամիությունը բանակցություններ են վարում համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ, որոնց յոթերորդ փուլը տեղի կունենա 2016 թ.-ի դեկտեմբերին: -0-