Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԱԽ.Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ

15.11.2021, 17:44
Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում
ԱԽ.Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, հաղորդում է ՀՀ անվտանգության խորհուրդը:

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

«Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում:

«Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ եւ այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:

Նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ:–0–