ԼՂՀ ՊՆ. հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:
ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են:
ԼՂՀ ՊՆ–ն նաև հայտնում է, որ մարտի 7-ին և 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են համարժեք գործողությունների:
Բացի վերոնշյալ ապակառուցողական քայլերից, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները մարտի 8-ին տեղեկատվություն էին տարածել, թե իբր Չայլու գյուղի ուղղությամբ հայկական ուժերը կրակ են բացել հովիվների ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ նշվածը ապատեղեկատվություն է և, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական ուժերը երբեք քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն վարում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-