Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԼՂ–ում ռազմական նպատակներով իսլամական հուշարձանների օգտագործման մասին Ադրբեջանի հայտարարությունը մեղադրանք է. ԼՂՀ ԱԳՆ

30.05.2016, 15:49
ԼՂ–ում ռազմական նպատակներով իսլամական հուշարձանների օգտագործման մասին Ադրբեջանի հայտարարությունը մերկապարանոց մեղադրանք է։
ԼՂ–ում ռազմական նպատակներով իսլամական հուշարձանների օգտագործման մասին Ադրբեջանի հայտարարությունը մեղադրանք է. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը և հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը, նշվում է ԼՂՀ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։

«Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992 թ. Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր իսկ վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին», – նշվում է հայտարարության մեջ։

ԼՂՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն և նպատակային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այլև ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջանում:

«Վանդալիզմի ամենաաղաղակող ակտը Նախիջևանում Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտակայքում գտնվող հայկական միջնադարյան խաչքարերի գերեզմանատան ոչնչացումն է և 2005 թ. նույն տեղանքում հրաձգարանի կառուցումը: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ադրբեջանական կողմը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, առայսօր չի թույլատրում միջազգային փորձագետներին այցելել այն վայրը, որտեղ գտվում էր խաչքարերի գերեզմանատունը», – նշվում է հայտարարության մեջ։

Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես շահագրգռված են պատմական և մշակութային հուշարձանների ուսումնասիրության առաքելությամբ, այլ ոչ թե հետապնդում են սոսկ քաղաքական կամ քարոզչական նպատակներ, ապա «մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաքելության աշխատանքները կսկսվեն այցելությամբ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջան և Նախիջևան»: 

«Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր ճարտարապետական հուշարձանները, անկախ ծագումից, ընդգրկված են ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պաշտպանության տակ ԼՂՀ-ն եղել և մնում է բաց միջազգային համագործակցության համար՝ մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության ու պահպանության հարցում, և նույնպիսի բաց վարքագիծ է ակնկալում նաև Ադրբեջանից», – նշվում է փաստաթղթում։ –0–