Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի ԱԺ-ում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք. ԱԳՆ խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի Հայաստանի և Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ։
«Խաղաղության պայմանագրի ձևակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի»,- նշել է Բադալյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանի սպառազինության ձեռքբերումը զանգվածային միլիտարիզացիա անվանելու հայտարարություններին, Բադալյանը հակադարձում է, ադրբեջանցի գործընկերոջը հիշեցնելով, որ Հայաստանն իր անվտանգության հայեցակարգի համար առաջնային է համարում խաղաղության հաստատումը տարածաշրջանում։
«Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել, և Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հավելել է ԱԳՆ խոսնակը։
Բադալյանի համոզմամբ՝ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար:
«Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը»,-նշել է Բադալյանը։