Պատգամավորները մերժել են ԵՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մասին «Ելքի» առաջարկած նախաձեռնությունը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստում մերժել են «Ելք» ընդիմադիր դաշինքի նախաձեռնությունը, որը վերաբերում է ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալուն։
Այդ նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով`այդ հարցը քննարկելու համար։
«Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն հանդես է եկել ԵՏՄ–ի` Հայստանի մասով պայմանագրի դադարեցման օրենսդրական նախաձեռնությամբ։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՏՄ–ին անդամակցելուց հետո երկիրը զգալի կորուստներ է կրել ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ մարտունակության համատեքստում, և դաշինքը ցանկանում է ստանալ ԵՏՄ–ում երկրի մասնակցության արդյունավետությանը վերաբերող հարցերի պատասխաններն ու հիմնավորումները։
Այդ համատեքստում դաշինքն առաջարկում է ստեղծել նոր հարթակ կառավարության համար, որպեսզի նրանք կարողանան փակ ռեժիմով ներկայացնել իրենց բոլոր փաստերը և հիմնավորումները։
Ինչպես հայտնեց ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում ոչ միայն կարիք չունի վերանայման, այլ նաև ակնհայտ են ընդլայնման միտումները։
«Հայ հասարակության մեծ մասը չի դիտարկում ԵՏՄ–ից դուրս գալու հարցը։ Պետք է քննարկել ոչ թե այն, թե ինչ է անդամակցությունը տվել մեզ, այլ այն, թե ինչ կորուստներ կունենանք դուրս գալու դեպքում, առավել ևս հաշվի առնելով այն, որ ԵՏՄ մտնելուց հետո գազը հայ արտադրողների համար էժանացել է 30 դոլարով, ինչը, եվրոպացի մասնագետների գնահատմամբ, շատ ավելի լավ է, քան ԵՄ–ի հետ ազատ առևտրի ռեժիմը», – ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ հայ արտադրողներն ու համապատասխանաբար տնտեսությունն ավելի շատ շահել են ԵՏՄ անդամակցությունից։
Փոխխոսնակը նաև դեմ հանդես եկավ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, «քանի որ այն որևէ առավելություն չունի մշտական հանձնաժողովի դիմաց, որտեղ կարող են քննարկվել բոլոր հարցերը»։
Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ԵՏՄ–ին անդամակցելուց Հայաստանը ստացել է միայն տնտեսական առավելություններ, մասնավորապես, իրական ՀՆԱ–ն 2016 թ.–ին, 2014 թ.–ի համեմատ, աճել է 3,4 տոկոսով, բնակչության մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ–ի աճը նույն ժամանակահատվածում ավելացել է 8,7 տոկոսով, իսկ ՀՆԱ–ի իրական աճը 2017 թ.–ի հունվար–հունիսին ավելացել է 14,1 տոկոսով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
«ԱՄՀ–ի տվյալներով` անվանական ծավալով դոլարային արտահայտությամբ Հայաստանի ՀՆԱ–ն 2016 թ.–ին, 2014 թ.–ի համեմատ, նվազել է 9 տոկոսով, Վրաստանում նույն ժամանակահատվածում` 14 տոկոսով, Մոլդովայում` 16 տոկոսով, Ուկրաինայում` 22 տոկոսով։ Նվազումը պայմանավորված է ոչ թե ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցությամբ, այլ դոլարի արժևորմամբ, ինչը հանգեցրեց բոլոր երկրներում անվանական ՀՆԱ–ի ցուցանիշի նվազման», – ասաց Բաղդասարյանը։
Նա նաև նշեց, որ ԱՎԾ–ի տվյալներով` ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցությունից հետո գրանցվել է առևտրի աճ, մասնավորապես` հայկական ապրանքների արտահանման ավելացում հատկապես 2016 թ.–ին` 2015 թ.–ի համեմատ։ ԵՏՄ երկրներ իրականացվող արտահանումն ավելացել է 53 տոկոսով, իսկ 2014 թ.–ի համեմատ` 20 տոկոսով։
Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թ.–ի հունվարի 2–ից։ Հիմա կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։–0–