Ռոբերտ Քոչարյան. Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքական դաշտ վերադառնալու մասին։
«Համարեք, որ վերադարձել եմ», – հայտարարել է երկրորդ նախագահը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում` պատասխանելով հարցին` Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, թե՞ ոչ։
Հարցազրույցը կցուցադրվի «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով այսօր` ժամը 20։55։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-