Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Շվեդիայի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության մասին համաձայնագիրը

02.05.2019, 21:20
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Շվեդիայի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Ինչպես հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատան Facebook-յան էջում, քննարկմանը ելույթ ունեցան խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին համաձայնագրի վավերացմանը։ 

Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրեց կարճատև ընդունելության։ 

Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.–ի նոյեմբերի 24–ին։ ՀՀ ԱԺ–ի կողմից 2018թ.–ի ապրիլի 11–ին վավերացվելուց հետո փաստաթուղթը մասամբ ուժի մեջ է մտել 2018թ.–ի հունիսի 1–ից։ Այժմ գործում է համաձայնագրի դրույթների մոտ 80%–ը։

Այսպիսով, Հայաստանը դարձավ ԵՏՄ առաջին անդամ երկիրը, որը ստորագրել է նման փաստաթուղթ Եվրամիության հետ։ Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից վավերացումից հետո։ Հիմա փաստաթուղթը վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Դանիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆինլանդիան։–0–