Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Երևանն ու Պրահան պատրաստվում են ընդլայնել տնտեսական երկկողմ գործակցությունը

02.06.2015, 21:56
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ տնտեսական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Երևանն ու Պրահան պատրաստվում են ընդլայնել տնտեսական երկկողմ գործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ տնտեսական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը հեռանկարային է համարել համագործակցության հետագա ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում:

Նրա համոզմամբ՝ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հայ և չեխ գործարարների միջև կապերի հաստատումը, և Պրահայում կայանալիք գործարար համաժողովը երկու երկրների գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու հնարավորություն կընձեռի:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև ուղիղ օդային կապը՝ այս համատեքստում կարևորելով Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը, ինչն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Վարչապետի համոզմամբ՝ զբոսաշրջության զարգացմանը կխթանի նաև երկու երկրների միջև առկա միջմարզային ակտիվ համագործակցությունը, որի հաջողված օրինակներից են Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև հաստատված համագործակցային հարաբերությունները, ինչպես նաև Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի և Տավուշի մարզի միջև համագործակցությունը, որի վերաբերյալ կստորագրվի Հուշագիր:

Չեխիայի վարչապետը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը և զարգացումը՝ նշելով, որ համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և հեռանկարներ կան: Նա ընդգծել է հայ-չեխական գործարար համաժողովի անցկացման կարևորությունը տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում:

ԵՄ-ՀՀ համագործակցությունը զարգացնելու առումով Չեխիայի վարչապետը կարևորել է Հայաստանի համար վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ անդամ երկրների հետ:

Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերի ակտիվացման հարցում երկու երկրների վարչապետները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, առևտրաարդյունաբերական պալատների սերտ աշխատանքը:-0-