ՀՀ խորհրդարանը սկսել է ԵՏՄ–ին միանալու պայմանագրի քննարկումը
01.12.2014,
18:18
ՀՀ խորհրդարանը սկսել է ԵՏՄ–ին միանալու պայմանագրի քննարկումը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը սկսել է ԵՏՄ–ին միանալու պայմանագրի քննարկումը։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող
ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։
Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքերով` փաստաթղթում ներկայացված են ԵՏՄ մարմինների հիմնական սկզբունքներն ու իրավական նորմերը, լիազորությունները և դրանց որոշումների ընդունման ու իրականացման կարգը։ Համաձայնագրում կան նաև դրույթներ, որոնք վերաբերում են բյուջետային և ֆինանսական հարցերին։
«Փաստաթղթով նախատեսված է, որ Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից», – ասաց Կարայանը։
Նա նշեց, որ ԵՏՄ–ի նպատակն է պայմաններ ստեղծել միության մասնակից երկրների կայուն զարգացման, աշխատուժի միասնական շուկայի ձևավորման և բազմակողմանի համագործակցության համար։
Փոխնախարարը ներկայացրեց ԵՏՄ–ի շրջանակում գործող հիմնական կառույցների գործառույթներն` ընդգծելով որ այնտեղ որոշումներն առավելապես ընդունվում են փոխհամաձայնության հիման վրա։
Նրա խոսքերով` փաստաթղթում նախատեսված են նաև մաքսային կարգավորման հարցեր։ «Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի միասնական սահմաններ ԵՏՄ անդամ երկրների հետ, պայմանագրով նախատեսված է երրորդ երկրների տարածքով հայկական բեռների տեղափոխման կարգը և ներառված են դրույթներ, որոնք թույլ կտան բացառել բոլոր հնարավոր խոչընդոտները հայ ձեռներեցների համար», – ասաց Կարայանը։
Նրա խոսքերով` դա թույլ կտա անարգել արտահանել հայկական արտադրանքը ԵՏՄ երկրներ, նվազեցնել մաքսային ծախսերը, ինչպես նաև դա կնպաստի արտադրության աճին։–0–