Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարները BRICS-ի գագաթնաժողովում օգտակար զրույց ունեցան. Պուտինը գոհունակություն է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ТАСС-ը։
«Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել ենք և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին»,-ասել է նա։
ՌԴ նախագահը նաև խոսել է հոկտեմբերին Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցից։
«Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան ներդաշնակության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- ընդգծել է նա։