Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա. Փաշինյան

10.09.2024, 11:37
Փաշինյանն իրատեսական է համարել Հարավային Կովկասում տևական խաղաղության հնարավորությունը
Սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հարավային Կովկասում տևական խաղաղության հնարավորությանը։

Նրա խոսքով սա այն հարցն է, որին չպետք է միայն Հայաստանի Հանրապետությունը պիտի պատասխանի։

«Ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և դրան կպատասխանեմ Հայաստանի Հանրապետության դիտանկյունից։ Ըստ այդմ՝ տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը մատնանշեց Հայաստանի դիրքորոշման հիմնավորումները։

«Դուք շատ եք լսել, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են: Եվս 3 հոդվածներ, որոնք հիմնականում բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված է: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ»,- մանրամասնեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ պետք է այս պահին համաձայնեցված կետերը ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել մնացած հարցերի շուրջ քննարկումները։

«Հաջորդ կարևոր թեման սահմանազատման գործընթացն է, որտեղ ևս կա էական տեղաշարժ։ Այդ տեղաշարժն արտահայտվում է նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Այնտեղ արձանագրված է Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հռչակագրով»,- հավելեց Փաշինյանը։