Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն ուղարկել է միջպետական համաձայնեցման

01.07.2014, 14:58
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը նախօրեին ուղարկել է միջպետական համաձայնեցման, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն ուղարկել է միջպետական համաձայնեցման
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը նախօրեին ուղարկել է միջպետական համաձայնեցման, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ոչ ոք չէր ասում, որ Հայաստանը ԵՏՄ անդամ կդառնա մինչև հուլիսի 1-ը: ԵՏՄ-ի գերագույն մարմնի ընդունած որոշումը վերաբերում էր մինչև հուլիսի 1-ը ստորագրման համար պայմանագիրը պատրաստելուն: Երեկ ԵՏՄ-ն արդեն ուղարկել է պատրաստի պայմանագիրը միջպետական համաձայնեցման համար», - ասաց Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի շրջանակում:

Միաժամանակ նա չկարողացավ պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետ նշել: «Ստորագրման ամսաթվի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել: Որոշվել է պատրաստել պայմանագիրը: Նախօրեին այն ուղարկվել է միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը հիմնականում շատ խորն են ուսումնասիրվել, հույս ունենք, որ միջպետական համաձայնեցման ընթացակարգը երկար չի տևի», - նշեց Քոչարյանը:

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար Հայաստանի կողմից պայմանագրի ստորագրումը հնարավոր է համարում արդեն հունիսին, քանի որ պետք է կարգավորվեն միայն մի քանի կետեր, որոնք կապված են առևտրային մասի հետ:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

Համաժողովին մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ՀԱՊԿ-ի գիտափորձաքննական խորհրդից: -0-