Վարչապետ. կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա»
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել երկրի հեռուստատեսային շուկայում առկա մենաշնորհային իրադրությունից:
«Մեր հետևողական քաղաքականությունն է մենաշնորհային երևույթների հետ կապված, որ պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ: Ընդհանրապես, ոչ միայն կառավարության, այլև մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք, այս դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային, որտեղ այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե ենթադրվի, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերությունների և գումար բաշխող ընկերության միջև, մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ:
«Եվ պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, որ այդ գործառույթը գտնվում է Հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո, և մենք ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը, մեր ռազմավարությունների մեջ դա արձանագրված է: Նաև միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, ՀՀ կառավարությունը վերջին 1,5 տարվա ընթացքում թափանցիկության առումով կատարել է ահռելի քայլեր և միջազգային հանորությունը այսօր սա շատ հստակ գնահատում է»,- ասել է վարչապետը:
Հիմա, նրա խոսքով, պետք է կատարել նաև հաջորդ քայլը, երկրում գործող ՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ, սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:
«Այսօր ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր ՀՀ-ում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ կան(առնվազն 2), որոնց լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», կամ ««Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը ՀՀ-ում»,- նշել է վարչապետը:
Վարչապետն արձանագրել է, որ ժողովուրդը մեղադրում է իշխանություններին դրա համար, որովհետև այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը ոչ միայն հիմնական կոռուպցինոմներների շրջանակն է բացահայտում, այլև հեշտացնում կոռուպցիոներների հետ իրականացվող հետագա աշխատանքը:
«Եվ երկրորդը, այն լրատվական պատերազմը, որ տարվում է ներկա կառավարության և ժողովրդի դեմ, առաջին հերթին, մեզ օգնում է, որ մենք անընդհատ մեր աշխատանքի որակը ավելի բարձրացնենք»,- նշել է վարչապետը, շարունակելով. «Մյուս կողմից, ես առաջարկում եմ, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա: Մեկ-մեկ ալիքները փոխելիս, վիճակագրություն ունեմ և խաղադրույք եմ անում, ասում եմ, թե պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ընդեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս և բացատրում հանրությանը, թե «որտեղ են խեցգետինները ձմեռում»»,- նշեց Փաշինյանը: -0-