Հայաստանում աղքատության մակարդակը 2023թ․–ի արդյունքում կազմել է 23,7%
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Միջին գծով հաշվարկված աղքատության մակարդակը Հայաստանում 2023 թ․–ի արդյունքում կազմել է 23,7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 1,1 տոկոսային կետով, ասվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցում։
Միաժամանակ ծայրահեղ աղքատության մակարդակը նախորդ տարվա ընթացքում կազմել է 1,1 տոկոս՝ 2022թ․–ի համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով։
Զեկույցի համաձայն՝ ծայրահեղ/պարենային աղքատությունը 2023 թվականին կազմել է 1,1% (2022թ.՝ 1,2%), աղքատության ստորին շեմը՝ 9,7% (2022թ.–ին՝ 11,6%), իսկ աղքատության վերին շեմը՝ 42,6% (2022թ.–ին՝ 24,8%)։
Քաղաքային աղքատության մակարդակը 2023 թվականին կազմել է 21,5% (22,1%` 2022 թվականին), որից ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 0,5% (1%` 2022 թվականին)։ Իսկ գյուղական աղքատության մակարդակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 27% (2022թ.-ին՝ 29%), որից ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2% (2022թ.–ին՝ 1,5%)։
Հաշվետվությունում նաև նշվում է աղքատության խորության գնահատականը՝ 4,4% (4,7%՝ 2022 թվականին), որը ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության մակարդակից։
Աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև սպառման անհավասարությունը և ցույց է տալիս, որ որոշ աղքատների սպառումը շատ հեռու է աղքատության գծից, իսկ ոմանք շատ մոտ են: Այս ցուցանիշը չի փոխվել 2022 թվականից և 2023 թվականին գնահատվել է 1,3%:
Ջինի գործակիցը (երկրի կամ տարածաշրջանի հասարակության շերտավորման աստիճանի վիճակագրական ցուցանիշ՝ ըստ ուսումնասիրվող բնութագրի, խմբ.) սպառման մասով 2022թ․-ին 0,239-ից նվազել է 0,230-ի 2023թ․–ին, իսկ եկամտի մասով՝ 0,352-ից մինչև 0,348-ի։
Հաշվետվությունում ներկայացված են նաև մանկական աղքատության (0-18 տարեկան) վերաբերյալ տվյալներ։ Այսպես, ծայրահեղ աղքատներ՝ 1,8% (2022թ.՝ 1,9%), աղքատներ՝ 31,7% (2022թ.՝ 32,3%), իսկ ոչ աղքատներ՝ 68,3% (2022թ.՝ 67,7%)։
Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվում է 1996 թվականից։ 2019 թվականից սկսած այս ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային բանկի վերանայված մեթոդաբանությամբ. Աղքատության փաստագրված շեմը դրամական արտահայտմամբ ներկայացնում է (պարենային և ոչ պարենային) ապրանքների և ծառայությունների արժեքը, որն արտացոլում է տվյալ երկրում նվազագույն կենսամակարդակը:
Ծայրահեղ/պարենային աղքատության գիծը 2023 թվականին ամսական 29786 դրամ է, աղքատության ստորին գիծը՝ ամսական 43036 դրամ, միջին գիծը՝ ամսական 53590 դրամ, վերին գիծը՝ ամսական 64146 դրամ։ ($1 - 394,64 դրամ)