Համաճարակաբանը գնահատել է «թեթև Covid»–ի համաճարակի ռիսկը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանում վերջերս սկսված «թեթև Covid-ի համաճարակը» Հայաստանին չի սպառնում և աղետալի հետևանքներ չի ունենա, «Նովոստի–Արմենիան»-ին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը։
Արդեն մի քանի շաբաթ սոցցանցերում գրում են ռուսաստանցիների զանգվածային բողոքների մասին «մեղմ Covid-ի համաճարակից», որի ժամանակ գրանցվում է 37,5 աստիճան ջերմություն, ուժեղ մկանացավ, գլխացավ և թուլություն։
Հովհաննիսյանի խոսքով, վերջին տարիներին իրականացված մասշտաբային աշխատանքի շնորհիվ Հայաստանում Covid-ի տարածման ռիսկերը հասցվել են նվազագույնի։
«Այնուամենայնիվ, մոնիտորինգը և հսկողական միջոցառումները շարունակվում են։ Այժմ մենք Covid-ը դիտարկում ենք որպես սովորական սուր շնչառական վիրուսային հիվանդություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ այս տարվա նոյեմբերին հայտնաբերվել է Covid-ով վարակման ընդամենը 89 դեպք, մինչդեռ 2023-ի նույն ամսին՝ 462։
«Ավելին, վերջին երկու շաբաթվա տվյալներով՝ մենք արձանագրել ենք անկում Covid–ով վարակվածության մասով»,– ասաց փորձագետը՝ հավելելով, որ նման իրավիճակ է նկատվում ամբողջ աշխարհում։
«Թեթև Covid»–ով վարակման առաջին դեպքերը գրանցվել են նոյեմբերին։ Ախտանիշերը բնորոշ չեն ՍՇՎ–ին` չկա քթից հոսք, հազ, կոկորդի ցավ: Հիվանդությունը տևում է 3-5 օր, իսկ հոգնածությունն ու թուլությունը պահպանվում են մինչեւ երկու շաբաթ։