Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը․ մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։
Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Facebook–յան իր էջում։
«Ներկայում իրականացվող՝ երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթերին ավելացել է ևս մեկը։ Այսուհետ կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի չորեքշաբթի օրերին», – նշել է նա։
Շուրջ 30 տարի պարապուրդի մատնված Սյունիքի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշներով և 2020 թվականին հավաստագրվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից ստացել է եռանիշ կոդ (իդենտիֆիկատոր)՝ YUK։
2023 թվականի օգոստոսի 21-ից այս օդանավակայանը կանոնավոր չվերթեր է իրականացնում Երևան-Կապան-Երևան երթուղով։ Թռիչքներն իրականացնում է NorAir ավիաընկերությունը, միակողմանի տոմսն արժե 20 հազար դրամ (մոտ 50 դոլար):