Ավինյանը հանձնարարել է երկու ամսում մշակել Երևանի օդի մաքրմանն ուղղված քառամյա ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մշակել քառամյա ծրագիր, որն ուղղված է Երևանում օդի մաքրմանը։ Նրա խոսքով, երևանցիները կանոնավոր կերպով բարձրաձայնում են օդի աղտոտվածության խնդիրը։
«Մեր նախընտրական ծրագրում խոստում էինք տվել, որ ամբողջ քաղաքում համապատասխան սարքեր կտեղադրենք, ու փաստացի մեր իսկ կայքում տեղադրված է 149 օդի որակի չափից սարքերից ստացվող տեղեկատվությունը՝ օնլայն ռեժիմում: Ձմռան ամիսներին մասնավորապես այդ տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ, իհարկե շատ բաներ փոփոխվում են եղանակային պայմանների հետ», – ասաց Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ Երևանում ամեն տարի, հատկապես ձմեռային ամիսներին գրանցվում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Դա պայմանավորված է նրանով, որ Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում ցուրտ օդ է կուտակվում, ինչն էլ իր հերթին բերում է տարբեր տեսակի աղտոտվածության:
Այս ամենը հաշվի առնելով՝ Ավինյանը հանձնարարեց մշակել համապատասխան քառամյա ծրագիր, որը պետք է ներկայացնել մոտ 2 ամսից։
«Անհրաժեշտ է հասկանալ, թե Երևանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի քաղաքում օդի որակի բարելավման ուղղությամբ։ Այդ քառամյա ծրագիրը պետք է ներառի ինչպես ամենապարզ մեթոդները, ինչպիսիք են օրինակ ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումները: Օրինակ, արդեն իսկ ժամկետանց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք իրենց հետևից մի երկու կիլոմետրանոց ծուխ են թողնում և մեծ աղտոտիչներ են», – ասաց Ավինյանը։
Երևանում բնապահպանական խնդիրների թեման վաղուց է քննարկվում։ Մասնավորապես, վերջին ամիսներին երևանցիներն ամիսներ շարունակ բողոքում են տարբեր շրջաններում առկա ծխի և ծխահոտի պատճառով, որը դարձել է ավելի ուժեղ ձմռան առաջին օրերին, քանի որ մեծ թվով մարդիկ իրենց տները ջեռուցում են փայտե վառարաններով, ինչը նպաստում է օդի ավելի մեծ աղտոտմանը։ Առանձին շրջաններում PM2.5 ցուցանիշի մակարդակը շատ բարձր է։