Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Դատարանն անվավեր է ճանաչել Երևանում ավտոկայանատեղիների թանկացումը․ քաղաքապետարանը կբողոքարկի որոշումը

19.12.2024, 19:31
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով անվավեր է ճանաչվել Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը
Դատարանն անվավեր է ճանաչել Երևանում ավտոկայանատեղիների թանկացումը․ քաղաքապետարանը կբողոքարկի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը դատարանի որոշումը մեկնաբանել է Facebook–յան իր էջում։

«Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝

1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։

2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում», – նշել է Կոստանյանը։ 

2024 թվականի հունվարի 1-ից Երևանում սահմանվել են ավտոկայանատեղիների նոր սակագներ, որոնք հաշվարկվել են՝ կախված քաղաքային գոտիներից։

«Ա» գոտում կայանման սակագինն է սահմանվել՝ ժամում 300 դրամ, օրական 2000 դրամ, շաբաթական 5000 դրամ, ամսական 18000 դրամ և տարեկան 160000 դրամ։

«B» գոտում կայանման սակագինները սահմանվել են՝ ժամում 200 դրամ, օրական 1000 դրամ, շաբաթական 2000 դրամ, ամսական 4000 դրամ և տարեկան 24000 դրամ։