Երբ ուսուցիչն ունի գիտելիքի իմացության խնդիր, պետությունը նրա համար կազմակերպում է վերապատրաստում․ նախարարը՝ նոր փոփոխությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Այսօր կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման կարգում նոր փոփոխություններին։
Նրա խոսքով՝ նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այն իրականացնում է դպրոցը։
«Գնահատված կարիքի հիման վրա ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը հնարավորություն է տալիս վերապատրաստումը դարձնել ավելի թիրախային և արդյունավետ։ Այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ, գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն»,- ընդգծում է նախարարը։
Անդրեասյանի մեկնաբանմամբ՝ փոփոխությունների արդյունքում հստակ է դառնում նաև ուսուցիչների վերապատրաստման պարբերականության որոշման հարցը։
«Երբ պարզ է դարձել, որ ուսուցիչն ավելի տարրական մակարդակի կարողություններ ունի, այս պարագայում շրջափուլը մեկ տարի է, և ավելի երկար է, եթե ունենք ավելի բարձր մակարդակ. շրջափուլը կարող է հասնել հինգ տարվա»,- նշեց նա։
Նախարարը նշում է, որ հստակեցվել է նաև կարիքի գնահատման պարագայում առարկայական վերաատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները։
«Նրանց համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ։ Նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայան գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի, այնուհետև մասնակցի կամավոր ատեստավորման գործընթացին»,- հավելեց Անդրեասյանը։
Նախարարը նաև ընդգծեց, որ բոլոր այն դեպքերում, երբ ուսուցիչն ունի առարկայական գիտելիքի իմացության խնդիր, պետությունը նրա համար կազմակերպում է առարկայական գիտելիքի զարգացման ուղղությամբ վերապատրաստում։
«Այո, մենք աջակցում ենք այդ ուսուցիչներին, որոնք սեպտեմբերից սկսած կարող են մասնակցել վերապատրաստմանը, դրանից հետո մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին։ Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով և դրա հետ կապված տեխնիկական բարդություններն ավելի դյուրին են լինելու»,- նշեց նա։