Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գրքերի աննախադեպ հավաքածու է նվեր ստացել «Տաշիր» բարեգործական հիմնադրամից
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերել է գրականության պատկառելի հավաքածու՝ շուրջ 6000 գիրք, որոնք մոտ ժամանակում հասանելի կլինեն «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցողներին, հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
Հավաքածուն հատկապես արժեքավոր է հայալեզու և օտարալեզու հայագիտական, պատմագրական, պատմագիտական, աղբյուրագիտական և մատենագիտական կարևոր հրատարակություններով, հայերեն և օտարալեզու տարբեր արժեքավոր բառարաններով, հանրագիտարաններով, ինչպես նաև մի շարք կարևոր պարբերականների ամբողջական հավաքածուներով: Հարկ է նշել, որ առանձնահատուկ արժեք ունեն XIX դարի և XI դարի առաջին տասնամյակների հրատարակությունները, որոնք այսօր համարվում են հազվագյուտ: Հավաքածուի մեջ ներառված է գրեթե ողջ հայ պատմագրությունը, ընդ որում առաջին, լավագույն և քննական հրատարակությունների, ինչպես նաև կարևորագույն պատմագիտական ուսումնասիրությունների տեսքով։
«Հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմուք է դրսևորել գրքերի մեկենասների և նվիրատուների նկատմամբ, որոնց շնորհիվ՝ սկզբում ձեռագիր, ապա՝ տպագիր գիրքը կյանք է առել և առնում, հանրայանացվում և հասանելի դառնում յուրաքանչյուրին: Այսօր գիրք նվիրելու սովորությունը կարևոր է հատկապես մատաղ սերնդի մեջ գրքասիրությունը և ընթերցանությունը ամրապնդելու և խթանելու տեսանկյունից», - նշում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը:–0–