Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՍԱՏՄ–ը Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողական միջոցառում՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը

29.03.2024, 11:26
«Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ–ում վերահսկողություն կիրականացվի
ՍԱՏՄ–ը Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողական միջոցառում՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ–ում վերահսկողություն կիրականացվի։

Ինչպես հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, գերատեսչությունը նախօրեին ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ:

Գրության մեջ մասնավորապես նշված է, որ «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով, հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է:

Վերոնշյալի հիման վրա Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տարածքում տվյալ ընկե րության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։

Սակայն, Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ ստուգելու համար Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար:

Արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ հաղորդագրությամբ:–0–