Տուգանային միավորների համակարգ և արգելք օտարերկրացի վարորդների համար. Հայաստանը փոխում է օրենքները
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։
Ինչպես ԱԺ–ում ելույթ ունենալիս նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, փոփոխություններով նախատեսվում է ներդնել բալային համակարգ վարորդների համար։
Նրա խոսքով, նոր մոտեցմամբ նախատեսվում է հրաժարվել «զանցանք–տուգանք» համակարգից և կիրառել զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիասնությունը։
«Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով», – ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, վարորդական իրավունք ստանալուց հետո վարորդին տարվա համար տրվում է 9 միավոր, ինչից հետո իրավախախտման համար հանվելու են տուգանային միավորներ, որոնց չափը սահմանվելու է` ելնելով խախտման հանրային վնասակարության աստիճանից ու քանակից։
«9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։ Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք», – նշեց նա։
ՀՀ փոխոստիկանապետն ընդգծեց, որ օրենքի ընդունումը չի պարտադրում օտարերկրյա քաղաքացիներին ունենալ հայկական վարորդական իրավունք, եթե վերջիններս աշխատանքի տեղավորվեն Հայաստանում (որպես վարորդ. խմբգր.)։ Միաժամանակ նա նշեց, որ համակարգն արդեն գործում է Եվրոպայի մոտ 20 երկրներում, իսկ հետխորհրդային տարածքի պետություններից` Վրաստանում և Ուկրաինայում։
ՀՀ փոխոստիկանապետը նաև նշեց, որ օրինագծով նախատեսվում է բիզնես գործունեության սահմանափակում օտարերկրյա վարորդական իրավունքներով, մասնավորապես, առաջարկվում է Հայաստանում արգելել տրանսպորտային միջոցներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեությունը` ազգային կամ միջազգային վարորդական իրավունքների օգտագործմամբ, բացառությամբ միջազգային տրանզիտը։
«Արգելքը չի կիրառվի փոխադարձության սկզբունքով ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների նկատմամբ, իսկ եթե փոխադարձության սկզբունքն ապահովվի, ապա մենք կանենք բացառություն նաև ԱՊՀ երկրների քաղաքացիների համար», – ասաց նա։
Հովհաննես Քոչարյանի խոսքով, այլ երկրներում (որոնք Հայաստանի հետ միջազգային համաձայնագրերի մասնակից չեն) տրվող վարորդական իրավունքները կհամարվեն ուժի մեջ, եթե դրանք ներկայացված են հայերեն։–0–