Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Երևան կներկրվի 100 հատ 12 մետրանոց ավտոբուս (ՎԻԴԵՈ)

28.10.2021, 14:59
Կառավարությունը հաստատեց Հայաստանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը.ՎԻԴԵՈ
Երևան կներկրվի 100 հատ 12 մետրանոց ավտոբուս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևան կներկրվի 100 հատ 12 մետրանոց ավտոբուսը։ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։

Ինչպես նիստի ժամանակ նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս համաձայնագրով ֆինանսավորման շրջանակներում 100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան՝ հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով։

Խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր տրանսպորտային ցանց։ Առաջարկվել է այդ ցանցը գործարկելու համար գնել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ։

Սանոսյանի խոսքով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ դեռ 2015 թվականից այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունեցել։ Ընդհանուր հաշվով բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո։

«Այս համաձայնագրերը վերաբերում են ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, 5 մլն-ը՝ դրամաշնորհ։ Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է։ Դրանք կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են մեր բոլոր հայրենակիցների համար»,-  նշեց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկն ավելին է։

«Եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա Երևանում։ Եվ այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ, ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ։ Եվ աշխատելու է միասնական տոմսային համակարգով։ Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել։ Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս։ Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի, հետո 10 տարի հետո էլի ավտոբուս ձեռք բերի։ Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում։ Սա՝ որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որ այս համակարգը նաև որոշակի եկամուտներ գեներացնի։ Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք», – ասաց Փաշինյանը։–0–