Արա Աբրահամյան. ԵՏՄ–ն ինտեգրացիոն առավել հաջողված գործընթացներից է
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ն ինտեգրացիոն առավել հաջողված գործընթացներից է, ասաց «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը Եվրասիական գործընիերության 2–րդ միջազգային համաժողովի բացմանը։
Նրա խոսքով, վերջին տարիներին ԵՏՄ բոլոր երկրներում զգալիորեն բարելավվել են մակրոտնտեսական ցուցանիշները։
«Միության շրջանակում լուծվել են ամենալայն շրջանակի սոցիալ–տնտեսական հարցեր, ավելի քան չորս անգամ աճել է անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը, ամրապնդվել են գործընկերային կապերը, բարձրացել է ԵՏՄ–ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում»,– ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է Եվրասիան վերածել «խելացի տարածաշրջանի», որտեղ օգտագործվում են նորարարություններ և մասնագիտացում։
«Եթե ամեն երկիր ինտեգրմանն առաջարկի իր լավագույն ռեսուրսները, տաղանդներն ու հնարավորությունները, այդ ժամանակ ոչինչ չի կարող կանգնեցնել տնտեսական աճ, իսկ ինդուստրիալ հզորության, բնական և ինտելեկտուալ ռեսուրսների միավորման դեպքում տարածաշրջանը կարող է դառնալ բարգավաճող»,– ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով, Հայաստանն իր կողմից ձգտում է դառնալ ԵՏՄ տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն և ողջ Կենտրոնական Ասիայի համար` դարպաս դեպի «Մետաքսե ուղի»։
«Նորարարությունները, ինտեգրումը, ոչ ստանդարտ մտածողությունն ու բաց լինելը Հայաստանին կդարձնեն ԵՏՄ աշխույժ և բարգավաճող խաչմերուկ»,– ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ համաժողովի աշխատանքն ուղղված է լինելու տնտեսական տարածաշրջանային միավորումը խթանող գործուն լուծումների բացահայտմանը և ներդրումային հոսքերի աճին նպաստող բաց նորարարությունների զարգացմանը։
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն կառավարությունների, գործարար շրջանակների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, համաշխարհային ընկերությունների ղեկավարներ` Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, ինչպես նաև ԱՄՆ–ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլ երկրներից։
Այս միջոցառման նպատակն է ստեղծել մշտապես գործող տեղեկատվական և բանավեճային հարթակ` ԵՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՀՇԿ, ԵՄ և այլ միությունների գործարար հանրության երկկողմ և բազմակողմ համագործակցության համար։
Համաժողովի շրջանակում տեղի կունենա ԵՏՄ պետությունների արդյունաբերության նախարարների խորհրդակցությունը, ինչպես նաև կկազմակերպվեն նստաշրջաններ` նվիրված բժշկական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, արտադրական ինտեգրման, ռադիոէլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերին։
Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Երևանում 2016 թ.–ի հոկտեմբերի 13–16–ը։ Համաժողովին մասնակցել է շուրջ 800 ներկայացուցիչ` աշխարհի 37 երկրներից։ Միջոցառումն անցկացվել է բարձր մակարդակով. նիստերին, գործարար հանդիպումներին և քննարկումներին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ կառավարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ (համաժողովի օպերատոր` «Ռոսկոնգրես»)։ –0–