Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանում կշահագործվեն հատուկ վերելակներով ավտոբուսներ` նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար

24.08.2017, 13:08
Երևանի որոշ երթուղիներում կշահագործվեն հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսներ։
Երևանում կշահագործվեն հատուկ վերելակներով  ավտոբուսներ` նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի որոշ երթուղիներում կշահագործվեն հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսներ, որոնք նախատեսված են հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր»մակնիշի թվով 17 ավտոբուսները սեպտեմբերի 1–ից շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28:

«Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ` հաշվի առնվելով նրանց առաջարկները», – նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ այդմ, հ. 14 երթուղում հարմարեցված կլինեն թվով 3, հ. 20-ում՝ 2, հ. 22 և 28 երթուղիներում` 6-ական ավտոբուս:

 Ըստ այդմ, նշված երթուղիներից 22-ում և 28-ում վերելակով կահավորված կլինի յուրաքանչյուր երկրորդ ավտոբուսը, որի արդյունքում տվյալ երթուղով հարմարեցված ավտոբուսները կանցնեն 25-30 րոպե միջակայքով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող և սայլակներով տեղափոխվող քաղաքացիներին երկար չսպասել:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված ավտոբուսների երթուղիների փոփոխության արդյունքում գրեթե բոլոր վարչական շրջաններից կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն կստեղծվի, կապահովվի նաև կապը ուսումնական հաստատությունների հետ։

Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ Հ.14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր,  ենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան հ.20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, հ.22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, հ.28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:

Նշվում է նաև, որ ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները (011.674428, 011.674460)՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար:–0–