Կոտայքում տղամարդը ծեծել է նախկին կնոջը, օգնության են հասել անչափահաս երեխաները
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է նախկին ամուսնուն, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ.-ի հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թ.-ին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ՝ ծնված 1965 թ.-ին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ հարվածներ հասցնելով կնոջ գլխի և կրծքավանդակի շրջաններին, ինչին միջամտել են այդ պահին տանը գտնվող անչափահաս երեխաները՝ թույլ չտալով, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը:
Նշվում է, որ մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) հոդվածով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:-0-