Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման նոր ծրագիր իրականացնել

06.11.2013, 19:55
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է երկրի միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման նոր ծրագիր իրականացնել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման նոր ծրագիր իրականացնել
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է երկրի միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման նոր ծրագիր իրականացնել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն և մասնագետների հետ քննարկել ՌԴ օժանդակությամբ և Գլոբալ հիմնադրամի համաֆինանսավորմամբ կենտրոնի կողմից միգրանտների շրջանում նախատեսվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի իրականացման մանրամասներ։

Ծրագրի քննարկման ընթացքում նախարարին ներկայացվել է, որ այդ նպատակով կազմակերպվել են շարժական խմբեր՝ ընտրված 100 համայնքում միգրանտ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Սա չափազանց կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է համայնքների ամբուլատորիաների հետ աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մինչև միգրանտների հաջորդ մեկնումը ծրագրում հնարավորինս մեծ թվով շահառուներ ընդգրկվեն»,-նախարարի խոսքը մեջբերեցին մամուլի ծառայությունից։

Նախարարը հանձնարարել է մշակել և ներկայացնել ծրագրի իրականացման հստակ ժամանակացույց։ Միաժամանակ ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման տեսանկյունից նախարարը կարևորել է հետազոտման ու բուժման գաղտնիության ապահովումը։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը նաև տեղեկացրեց, որ Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90 տոկոսից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, իսկ շուրջ 560 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում։ –0–