Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Թորոսյանը ներկայացրել է Իտալիայից չարթերային չվերթով ժամանած քաղաքացիների վիճակը

19.03.2020, 18:10
Թորոսյանը ներկայացրել է Իտալիայից չարթերային չվերթով ժամանած քաղաքացիների վիճակը
Թորոսյանը ներկայացրել է Իտալիայից չարթերային չվերթով ժամանած քաղաքացիների վիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./ԱՌԿԱ/. Իտալիայից չարթերային չվերթով գրեթե բոլոր ժամանածները գտնվում են բժիշկների վերահսկողության տակ, գրեթե բոլորն իրենց շատ լավ են զգում: Այս մասին հինգշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իտալիայից ժամանածներից գրեթե բոլորը շատ լավ են իրենց զգում, միայն երեկ ունեցել ենք ջերմության բարձրացում մի պացիենտի մոտ, ում տեղափոխել ենք հիվանդանոց, որ թեստավորենք: Մնացածին թեստավորելու ենք միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի առողջ մարդիկ են»,- նշել է Թորոսյանը:

Նախարարը հավելել է, որ նույնիսկ եթե նրանցից մեկի մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն պարզապես դուրս գալով օրգանիզմից՝ «բուժվելով», հնարավորություն կտա միանգանից ստանալ բացասական պատասխան:

«Մենք համոզվեցինք դրանում, երբ որ մեր մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք և  առանց որևէ նախանշանների հատնաբերեցինք մոտ 18 դեպք, ովքեր ունեին վիրուսը, բայց ոչ մի ախտանշան չունեին: Փաստացիորեն դա մեր թվերի վրա ավելացվեց: Իմաստ չկա մեկուսացված անձանց թեստավորելու քանի դեռ, առաջինը, նրանք չունեն որևէ գանգատ, և երկրորդը՝ չի լրացել կարանտինի ժամկետը»,- նշել է նախարարը:

Թորոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կրկնակի թեստավորում անցկացնել, բայց միայն առաջին փորձանմուշը վերցնելուց 24 ժամ անց: 

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Իտալիայից կազմակերպվել էր հատուկ չարթերային չվերթ, որով ՀՀ քաղաքացիները վերադարձան Հայաստան:

Խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 122 պացիենտների ընդհանուր առողջական վիճակի մասին՝ նախարարը հայտնել է, որ նրանց առողջության հետ ոչ մի լուրջ խնդիրներ չկան:

«Որևէ լուրջ առողջական խնդիր ունեցող կամ կյանքին վտանգ սպառնացող պացիենտ չունենք: Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40%-ը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանի մարդ՝ 38-39-ի միջակայքում: 39-ից բարձր չունեն ջերմություն»,- նշել է նա:-0-