Յունիբանկը մասնակցել է CyberCentral համաժողովին Պրահայում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները Պրահայում մասնակցեցին CyberCentral համաժողովին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Համաժողովը նվիրված էր կիբեռանվտանգության խնդիրներին:
Ինչպես նշեց Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, մասնակցությունը նման համաժողովների հնարավորություն է տալիս միջազգային մասնագետների հետ քննարկելու կիբեռսպառնալիքներին դիմագրավելու նոր համակարգերի և մեթոդների կիրառությունը, գնահատելու իրավիճակը և ներկա մարտահրավերները`կիբեռանվտանգության համակարգերն ավելի հուսալի դարձնելու համար:
Համաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել էին տարբեր երկրների մասնագետներ՝ կիբեռանվտանգության համակարգի շարունակական զարգացման հիմնահարցերը քննարկելու և փորձի փոխանակման նպատակով։
«Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Յունիբանկն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում:
Բանկը հաջողությամբ ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ:
Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներինհամապատասխան սերտիֆիկացիոն աուդիտ»,– ասվում է հաղորդման մեջ։
Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-