Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

AIR CAIRO եգիպտական ավիաընկերությունը Հայաստանից Եգիպտոս կանոնավոր չվերթեր է սկսում

11.05.2017, 20:41
AIR CAIRO եգիպտական ավիաընկերությունը Հուրգադայից և Շարմ էլ Շեյխից Հայաստան և հետադարձ կանոնավոր չվերթեր է սկսում:
AIR CAIRO եգիպտական ավիաընկերությունը Հայաստանից Եգիպտոս կանոնավոր չվերթեր է սկսում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. AIR CAIRO եգիպտական ավիաընկերությունը Հուրգադայից և Շարմ էլ Շեյխից Հայաստան և հետադարձ կանոնավոր չվերթեր է սկսում, հինգշաբթի ասաց Հայաստանում AIR CAIRO–ի պաշտոնական ներկայացուցիչ «Anrivatour» ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։

«AIR CAIRO ընկերությունն առաջին անգամ մտնում է հայկական շուկա և ուղիղ չվերթեր կիրականացնի «Զվարթնոց» օդանավակայանից շաբաթական երկու անգամ մինչև տարեվերջ։ Դեպի Հուրգադա կիրականացվեն հունիսի 20–ից երեքշաբթի օրերին, իսկ դեպի Շարմ էլ Շեյխ` հունիսի 22–ից հինգշաբթի օրերին»,– ասաց Ստամբուլյանը։

Նա նաև ավելացրեց, որ ընկերությունը, բացի ավիատոմսերից, առաջարկում է նաև all inclusive զբոսաշրջային փաթեթներ դեպի Հուրգադա 450 դոլարով, իսկ Շարմ էլ Շեյխ` 520 դոլարով, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ընկերության տնօրենը նշեց, որ եգիպտացիները նույնպես հետաքրքրված են Հայաստան թռիչքների հնարավորությամբ, քանի որ Հայաստանը նրանց համար գրավիչ է քրիստոնեական զբոսաշրջության և շոփինգ–զբոսաշրջության տեսանկյունից։ 

AIR CAIRO ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Էսամ Ազաբն իր հերթին ավելացրեց, որ ընկերությունը շահագրգռված է այս ուղղության բացմամբ։ Նա դա բացատրեց նրանով, որ Եգիպտոսը տեսնել ցանկացող հայ զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է։ 

Ավելի վաղ Հայաստանից Եգիպտոս իրականացվում էր Երևան–Շարմ էլ Շեյխ–Երևան երթուղով չարթերային չվերթ, որն արժեր 450 դոլար առանց զբոսաշրջային փաթեթի։

AIR CAIRO եգիպտական չարթերային ավիաընկերությունը հիմնվել է 2003 թվականին, ընկերությունը տրամադրում է ուղևորափոխադրումների ծառայություններ զբոսաշրջային ընկերությունների հետ առկա պայմանագրերով։ Պատկանում է EgyptAir ավիաընկերությանը։ -0-