Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի վարչապետը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին

06.06.2019, 20:39
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։
Հայաստանի վարչապետը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։

Հանդիպումն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։

«Մեր երկրների միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են, ինչպես արդեն ասացիք, և դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, բայց մենք ակտիվ գործակցում ենք Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի շևջանակում, և կարծում եմ, որ այդ բոլոր ուղղությունները մեր երկրների համար ունեն ռազմավարական նշանակություն։ Շատ ուրախ եմ, որ այդ ուղղություններով հնարավորություն ունենք դինամիկ զարգացնել մեր հարաբերությունները»,– ասել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ այս տարի Հայաստանում տնտեսական բավականին լավատեսական ցուցանիշներ են արձանագրվել։ Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով գրանցվել է 7.1 տոկոս տնտեսական աճ, իսկ ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս։

«Սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՏՄ–ի համար, որովհետև մեր տնտեսական ցուցանիշները հիմնականում կապված են ԵՏՄ–ում մեր հարաբերությունների և ռուսական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հասանելիության հետ։ Դա շատ կարևոր է, և ես լիահույս եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերում գալ այնպիսի լուծումների, որպեսզի չկոտրենք տնտեսական աճի այդ լավ տեմպը»,– ընդգծել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ այս տարի երկրում նշվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճ։

«Այժմ ամենուր Հայաստանում և մայրաքաղաքում ու զբոսաշրջային կենտրոններում միշտ ռուսերեն խոսք կարելի է լսել, և դա շատ հաճելի է։ Ես միշտ, երբ (Ռուսաստանից զբոսաշրջիկների` խմբ.) եմ հանդիպում, հետաքրքրվում եմ, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում։ Վստահաբար կարող եմ ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում, և ակնհայտ է, որ ավելի ու ավելի մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ կգան մեր երկիր»,– պատմել է Փաշինյանը։ 

Նա նշել է, որ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսական հարց է, այլ նաև երկու երկրների միջև մշակութային և մարդասիրական կապերի հարց։

«Կարծում եմ` այսպիսի շփումը կնպաստի մեր քաղաքական և տնտեսական հարաբերություններին»,– հավելել է Փաշինյանը։ -0-