Рейтинг@Mail.ru
USD
367.87
EUR
426.69
RUB
5.1458
GEL
137.57
2026 թ. մայիսի 20, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Inttegral Solutions-ը Հայաստանում R&D կենտրոն է կառուցում Siemens-ի սուպերհամակարգչով չիպերի թեստավորման համար

Այսօր, 20:36
Համալիրում տեղակայվելու է բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածք՝ միկրոսխեմաների նախագծման, թեստավորման և ստուգման համար, ներառյալ Siemens-ից ձեռք բերված Veloce էմուլյատորը, որն ընկերությունում անվանում են սուպերհամակարգիչ՝ մինչ արտադրության փուլը չիպերի ստուգման համար
Inttegral Solutions-ը Հայաստանում R&D կենտրոն է կառուցում Siemens-ի սուպերհամակարգչով չիպերի թեստավորման համար

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական կիսահաղորդչային «Inttegral Solutions» ընկերությունը Երևանի Ինժեներական քաղաքի տարածքում սկսել է նոր գրասենյակի և գիտահետազոտական կենտրոնի շինարարությունը։

Համալիրում տեղակայվելու է բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածք՝ միկրոսխեմաների նախագծման, թեստավորման և ստուգման համար, ներառյալ «Siemens»-ից ձեռք բերված «Veloce» էմուլյատորը, որն ընկերությունում անվանում են սուպերհամակարգիչ՝ մինչ արտադրության փուլը չիպերի ստուգման համար։

Մայիսի 20-ին ապագա շենքի հիմքում հուշ-հաբը տեղադրել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Inttegral Solutions»-ի համահիմնադիրներ Արմեն Բալդրյանն ու Էդուարդ Մուսայելյանը։

Ճարտարապետությունից դեպի տեխնոլոգիական առաքելություն

Семен Барсегян

Գլխավոր ճարտարապետ և նախագծային խմբի ղեկավար Սեմյոն Բարսեղյանը հայտնեց, որ ապագա համալիրի ճարտարապետական հայեցակարգը հիմնված է հայկական վանական համալիրների, մասնավորապես՝ Սանահինի կերպարների վրա, և միևնույն ժամանակ կատարված է ժամանակակից ոճով։

Նրա խոսքով՝ նախագիծը մտածված է ստեղծել ոչ թե պարզապես որպես գրասենյակային շենք, այլ որպես մտավոր աշխատանքի և ազատ շփումների համար տարածք. համալիրում նախատեսված են բաց տարածքներ, հանգստի և քննարկումների գոտիներ, գրադարան, անկաշկանդ աշխատանքի համար նախատեսված սենյակներ, ինչպես նաև պատշգամբ՝ դեպի Արարատ բացվող տեսարանով։

Հարդարման մեջ պլանավորվում է օգտագործել բազալտ, տրավերտին, ժամանակակից արևապաշտպան ապակիներ։

«Սա գրեթե գիտահետազոտական կենտրոն է, և մեզ համար մեծ պատիվ է դեպի ապագան ուղղված այս գաղափարի ծննդի մասնիկը լինել», - նշեց Բարսեղյանը։

Շինարարության ավարտը, նրա գնահատմամբ, սպասվում է մոտավորապես երկու կամ երկուսուկես տարի հետո։

Ամբողջական ցիկլի հայկական չիպերի նախագծման ընկերություն

Эдуард Мусаелян

«Integral Solutions»-ի համահիմնադիր և տնօրեն Էդուարդ Մուսայելյանը հայտարարեց, որ ընկերությունը զբաղվում է ոչ միայն ինտտեգրալ սխեմաների նախագծմամբ, այլև դրանց ստուգմամբ՝ փաստացիորեն փակելով չիպերի մշակման շղթայի առանցքային մասը։

Նա ընդգծեց, որ ժամանակակից միկրոէլեկտրոնիկան թեստավորման նկատմամբ սկզբունքորեն նոր մոտեցումներ է պահանջում։ Եթե 1990-ական թվականներին ստուգումը զբաղեցնում էր չիպի մշակման ամբողջ գործընթացի մինչև 30%-ը, ապա այսօր, նրա խոսքով, դրա բաժինը հասնում է մոտավորապես 80%-ի։

«Ժամանակակից չիպերը ստուգվում են էմուլյատորների կամ, ինչպես մենք ենք ասում, սուպերհամակարգիչների օգնությամբ, քանի որ այլ տարբերակ պարզապես գոյություն չունի», — ասաց Մուսայելյանը։

«Inttegral Solutions»-ի կողմից տեղադրված «Siemens Veloce» էմուլյատորը թույլ է տալիս թեստավորել չիպի ճարտարապետությունը դեռևս դրա ֆիզիկական արտադրությունից առաջ, վեր հանել սխալները և կրճատել լրամշակման ծախսերը։ Մուսայելյանի խոսքով՝ նման ենթակառուցվածքը կարող է կրկնակի արագացնել բարդ միկրոսխեմաների նախագծման գործընթացը։

Սուպերհամակարգիչն արդեն գործարկված է, իսկ կենտրոնի շինարարության ավարտից հետո կտեղափոխվի Ինժեներական քաղաք։ Հեռանկարում նույն հարթակում կարող են գործել մի քանի նմանատիպ համակարգեր։

AI-մոդելներից դեպի AI-չիպեր

Inttegral Solutions

Առանձին ուղղություն, որը «Inttegral Solutions»-ը մտադիր է զարգացնել Հայաստանում, կապված է միկրոսխեմաների նախագծման մեջ արհեստական բանականության օգտագործման և AI-չիպերի (ԱԲ չիպեր) ստեղծման հետ։

Մուսայելյանը նշեց, որ այսօր Հայաստանը կարող է հավակնել ոչ միայն արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտատիրոջ դերին։

«Մենք ցանկանում ենք Հայաստանում ոչ միայն ստեղծել AI-մոդելներ և նախագծել չիպեր, այլև մշակել AI-չիպեր։ Դեռևս չիպերի նախագծման (chip design) փուլում արհեստական բանականությունը կարող է օգնել ավելի կատարյալ լուծումներ ստեղծել», — հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ «Inttegral Solutions»-ն ակնկալում է, որ նոր ենթակառուցվածքը Հայաստանն ավելի գրավիչ կդարձնի կիսահաղորդիչների ոլորտում աշխատող ստարտափների և ընկերությունների համար, քանի որ թույլ կտա ավելի արագ և մատչելի վավերացնել նոր գաղափարները։

Նոր R&D կենտրոն և հարյուրավոր ինժեներական աշխատատեղեր

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Inttegral Solutions»-ի նախագիծն կարևոր փուլ համարեց ծառայությունների արտահանման դերից սեփական բարձր տեխնոլոգիական պրոդուկտի ստեղծմանն անցնելու ճանապարհին։

Նրա խոսքով՝ նոր կենտրոնը կդառնա հայրենական հանգուցային R&D նախագծերից մեկը կիսահաղորդիչների նախագծման ոլորտում։ Այն կգործի ոչ միայն հենց ընկերության շահերից ելնելով, այլև կարող է ենթակառուցվածք տրամադրել հայկական այլ ինժեներական ձեռնարկություններին, իսկ առանձին դեպքերում՝ համալսարաններին։

«Ինժեներական քաղաքում կհայտնվի նոր սուպերհամակարգչային կենտրոն, որը կծառայի ոչ միայն «Inttegral»-ին, այլև ողջ ինժեներական համայնքին», — ասաց Հայրապետյանը։

Նախարարը հայտնեց, որ «Inttegral Solutions»-ի նոր համալիրում նախատեսվում է ստեղծել 300–400 ինժեներական աշխատատեղ։ Կենտրոնը ներառելու է հետազոտական և նախագծային աշխատանքների ամբողջական ցիկլը՝ գաղափարից ու տեսական մշակումներից մինչև նախատիպավորում, թեստավորում և լուծումների ստուգում։

Միևնույն ժամանակ, չիպերի փաստացի արդյունաբերական արտադրությունն իրականացվելու է արտերկրում՝ մասնագիտացված գործարաններում, սակայն մտավոր սեփականությունը և վերջնական պրոդուկտի մշակումը կմնան հայկական։

Հայրապետյանի խոսքով՝ «Inttegral Solutions»-ի նման ընկերությունների հայտնվելը նշանակում է, որ Հայաստանն աստիճանաբար ձևավորում է բարձր հավելյալ արժեքով սեփական ինժեներական էկոհամակարգը՝ չիպերի նախագծումից մինչև դրանց թեստավորում ու վավերացում։

Հիմնարկեքի հանդիսավոր արարողություն

Ուղերձում, որը տեղադրված է հուշ-հաբի պարկուճի մեջ՝ կոնյակի շշի հետ միասին, նշվում է, որ «Inttegral Solutions»-ը ստեղծվել է որպես հայկական կիսահաղորդչային ընկերություն՝ հայկական ծագում ունեցող ռազմավարական նշանակության ինտտեգրալ սխեմաներ մշակելու համար։

Այն կնպաստի ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում Հայաստանի հետագա առաջընթացին՝ խթանելով երկրի տնտեսության մրցունակությունն ու արտադրողականության աճը, ինչպես նաև աջակցելով Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։

«Inttegral Solutions»-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի գործընկերների հետ համատեղ կնպաստի հայկական կիսահաղորդչային կլաստերի ձևավորմանը, կիսահաղորդչային արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև համաշխարհային մակարդակի հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը։

Ստորագրողներ՝ Մխիթար Հայրապետյան, Արմեն Բալդրյան, Էդուարդ Մուսայելյան։