ՀՀ ԿԲ նախագահը համաձայն չէ, որ MiCA տիպով կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման նախագիծը կարող է վախեցնել ներդրողներին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը համաձայն չէ, որ MiCA տիպով կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման նախագիծը կարող է վախեցնել ներդրողներին։
«Մենք ռիսկերը կառավարող կազմակերպություն ենք, մեզ համար կարևոր է, որպեսզի այդ ակտիվները սկզբում ստանան իրենց իրավական արտացոլումը ֆինանսական համակարգում։ Ինչու՞ մենք գնացինք եվրոպական մոդելով, ոչ թե օրինակ Սալվադորի։ Քանի որ այն առավել համահունչ է միջազգայնորեն ճանաչված ստանդարտներին (Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբ)։ Առաջին հերթին, Travel rule–ը և այլ մոտեցումներ, որոնք պահանջում է FATF–ը, պետք է արտացոլված լինեն նաև մեզ մոտ, քանի որ մենք չենք կարող անմասն մնալ աշխարհում տեղի ունեցող գործընթացներից։ Երկրորդը, եվրոպացիները կարողացան գալ այդ էտալոնային օրենքին երեք տարի տևած հետազոտություններից հետո։ Մեր կարծիքով, նրանց փորձը բավականին համահունչ է համաշխարհային գործընթացներին», – ասաց Գալստյանը՝ ասուլիսի ժամանակ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Նա նաև համաձայն չէ այն կարծիքի հետ, որ նման կարգավորումները կվախեցնեն ներդրողներին։
«Չեմ կարծում, որ բարեխիղճ, լավ ներդրողների համար ինչպես եվրոպական, այնպես էլ մեր կարգավորումները որևէ խնդիր կստեղծեն։ Հակառակը, մենք կարծում ենք, որ բարեխիղճ ներդրողները հնարավորություն կստանան աշխատել Հայաստանի բանկային համակարգի միջոցով, ոլորտում ծագող հարցերը կստանան բավականին պարզ պատասխաններ, և մարդիկ կկարողանան ներդրումներ կատարել կրիպտոակտիվներում», – ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ ոլորտի կարգավորման նախագիծը գտնվում է կառավարությունում։ «Նախատեսվում է անցկացնել ևս մեկ խորհրդակցություն նախագծի հարցով, ինչից հետո այն կփոխանցվի խորհրդարան», – ասաց Գալստյանը։