Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Առաջին անգամ Հայաստանում․ Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League–ի բրոնզե մրցանակին

31.05.2025, 19:41
Առաջին անգամ Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի կազմակերպությունն արժանացել է FEAS Champions League հեղինակավոր մրցանակին
Առաջին անգամ Հայաստանում․ Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League–ի բրոնզե մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League – Bronze Award in Fixed Income Market բրոնզի մրցանակին պարտատոմսերի շուկայում դրսևորած ակտիվության համար։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ConFEAS 2025 Կապիտալի Եվրո–ասիական շուկաների ֆեդերացիայի ամենամյա համաժողովի շրջանակում։

Առաջին անգամ Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի կազմակերպությունն արժանացել է FEAS Champions League հեղինակավոր մրցանակին։

FEAS Champions League–ի մրցանակները մասնակիցներին շնորհվում են երկու անվանակարգերում՝ պարտատոմսերի շուկայում (Stock Market) և պարտատոմսերի շուկայում (Fixed Income Market) ակտիվության համար։ Երկրորդ անվանակարգում հաղթողների ընտրությունը կատարվում է, մասնավորապես, նրանց կողմից ապահովված գործարքների ծավալների և քանակի, բորսայում ակտիվ օրերի և կարգավորիչ պահանջների պահպանման հիման վրա։ Վերլուծվում են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում իրականացրած գործունեության արդյունքները։

Խթան՝ կապիտալի շուկայի զարգացման համար

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը տարածաշրջանային մակարդակում պարտատոմսերի շուկայում դրսևորած ակտիվության համար։ Սա շատ նշանակալի մրցանակ է ոչ միայն Ամերիաբանկի, այլև Հայաստանի կապիտալի շուկայի և երկրի համար, քանի որ Ֆեդերացիան առաջին անգամ մրցանակ է շնորհել հենց հայկական ֆինանսական ընկերությանը տարածաշրջանային խոշոր մասնակիցների շրջանում», – ասել է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Նշելով, որ Ամերիաբանկը մեծ ներդրում է կատարել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մեջ՝ նա կարևորել է ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի զարգացումը, այնպես էլ Ամերիաբանկի MyInvest հարթակի դերին զարգացման ճանապարհին։

«Ամերիաբանկի MyInvest հարթակը թույլ է տալիս բանկի հաճախորդներին իրականացնել բազմաթիվ գործարքներ, այդ թվում՝ պարտատոմսերի շուկայում, դրսևորել ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայական ակտիվության աճին, կապիտալի շուկայի զարգացմանը և, որպես արդյունք, տնտեսության զարգացմանը», - ասել է նա։

Հակոբյանի խոսքով՝ սա նաև, ընդհանուր առմամբ, կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ներդրողների կողմից Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության և հետաքրքրության աճին։

Ամերիաբանկը՝ Չեմպիոնների լիգայում

«FEAS-ը այս մրցանակը հիմնադրել է 2018 թվականին։ Մենք այն անվանում ենք «Չեմպիոնների լիգա». յուրաքանչյուր շուկայից՝ ներդրումային ընկերություններից, բրոքերային ընկերություններից, բանկերից, ընտրվում են երեքական լավագույն մասնակիցներ։ Նրանք մասնակցում են մեր հաշվարկներին, որոնք կատարվում են բացարձակապես օբյեկտիվորեն՝ թվերի և ցուցանիշների հիման վրա՝ առանց որևէ սուբյեկտիվ չափանիշի», - ասել է Կապիտալի Եվրո–ասիական շուկաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

Նրա խոսքով՝ վերլուծվում են բազմաթիվ պարամետրեր, օրինակ՝ թե ինչ ծավալով և ինչ գործիքներով է տվյալ ներդրումային ընկերությունը, բրոքերային ընկերությունը կամ բանկը տարվա ընթացքում մասնակցել կապիտալի շուկայում։

Սարոյանը նաև պարզաբանել է, որ արդյունքում, «Չեմպիոնների լիգայի» տրամաբանության մեջ, լավագույն են ճանաչվում երեք մասնակիցներ երկու անվանակարգերում՝ ակտիվություն պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայում։ Յուրաքանչյուր անվանակարգում որոշվում են «ոսկե», «արծաթե» և «բրոնզե» մրցանակակիրները։

«Մեզ համար ուրախության և հպարտության ավելի մեծ պատճառ և հիմք էր այն փաստը, որ հայկական շուկայում Ամերիաբանկն առաջին անգամ արժանացավ այս մրցանակին: Պատկերացրեք՝ Ամերիաբանկը մրցում էր Աբու Դաբիի շուկայի, Իրանի՝ բավականին ակտիվ շուկայի, Եգիպտոսի և այլ շուկաների հետ, և այդ շուկաների շարքում ստացավ մրցանակ: Իհարկե, պետք է ձգտել «ոսկու», և Ամերիաբանկը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է», - ընդգծել է նա:

Ճանաչելիություն և տեխնոլոգիաներ

«Մենք հարթակ ենք և ներկայացնում ենք Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ։ Այս մրցանակները թույլ են տալիս մեզ հրապարակել հաղթող ընկերությունների անունները և ավելի լավ ճանաչել միմյանց», - ասել է Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Կապիտալի Եվրո–ասիական շուկաների ֆեդերացիայի ղեկավար Ռադու Հանգան։

Այն համատեքստում, թե ինչպես կարող է հայկական ընկերության համար այս առաջին մրցանակը մեծացնել երկրի նկատմամբ հետաքրքրությունը, նա ասել է, որ երբ Հայաստանից որևէ ընկերություն մրցանակ է ստանում, նրա համար շատ կարևոր է բարձրացնել ճանաչելիությունը տեղական շուկայում։

«Ահա թե ինչու դուք՝ լրատվամիջոցները, այդքան կարևոր եք մեզ՝ ֆոնդային բորսաների համար։ Եթե դուք ձեր աշխատանքը կատարեք այս տեսանկյունից, մենք կտեսնենք, թե ինչպես են ավելի շատ ընկերություններ, այդ թվում՝ Հայաստանից, բարձրացնում իրենց արդյունավետությունը», - ասել է Հանգան։

Նա նաև կարևորել է տեխնոլոգիաների դերը։

«Որպես բանկ, բրոքեր առևտուր անելու համար ձեզ հաճախորդներ են պետք։ Հաճախորդները ձեզ հետ առևտուր են անում ֆոնդային կամ պարտատոմսերի շուկայում։ Այսպիսով, նման հաճախորդներ ունենալու համար ձեզ անհրաժեշտ են տեխնոլոգիաներ։ Քանի որ հաճախորդները պետք է կարողանան հեշտությամբ հաշիվ բացել, հեշտությամբ առևտուր անել։ Այսպիսով, սա այն ոլորտն է, որտեղ տեխնոլոգիաները և նորարարությունը շատ կարևոր են», - ասել է Հանգան։

Tabadul․ միասին մենք ավելի ուժեղ ենք

«Քանի որ FEAS-ը որպես ֆեդերացիա ընդգրկում է բազմաթիվ բորսաներ, այս մակարդակում մրցանակ շահելն, անկասկած, մեծ առաջընթաց է, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում», - ասել է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնությունների գլխավոր տնօրեն Սաքեր Ասլանը։

Խոսելով Tabadul հարթակի մասին և պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե ինչ է տալիս դրան միանալը Հայաստանին կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների առումով, նա հիշեցրել է, որ Tabadul Hub-ը Abu Dhabi Securities Exchange–ի և Բահրեյնի ֆոնդային բորսայի համատեղ նախաձեռնությունն է։

«Շուրջ մեկ տարի առաջ մենք հանդիպեցինք և սկսեցինք քննարկումները Հայաստանի ֆոնդային բորսայի հետ։ Շատ կարճ ժամանակահատվածում, երկու թիմերի մեծ աշխատանքի շնորհիվ, մեզ հաջողվեց այսօր գործարկել ուղիղ կապ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ», – ասել է նա։

Ասլանը տեղեկացրել է, որ Tabadul–ի միջոցով արդեն կատարվել է առաջին գործարքը հայ ներդրողի կողմից Աբու Դաբիի հայ բրոքերի միջոցով, իսկ ԱՄԷ–ի ներդրողը գործարք է կատարել Հայկական ֆոնդային բորսայում։

«Դա Աբու Դաբիի ներդրողներին հնարավորություն է տալիս ներդրում կատարել հայկական ֆինանսական շուկաներում՝ սկսելով պարտատոմսերի շուկայից։ Եվ դա կնաստի Հայկական ֆոնդային բորսայի իրացվելիության ավելացմանը», – ասել է Ասլանը։

Հիշեցնենք, որ ConFEAS 2025–ի շրջանակում AMX–ը պաշտոնապես միացել է Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին։ Այսպիսով, Հայաստանը միանում է կապիտալի տարածաշրջանային շուկաների ինտեգրման կարևոր գործընթացին՝ կապիտալի հայկական շուկան կապելով տարածաշրջանային և միջազգային ներդրողների լայն ցանցին։ Արդեն մայիսի 30–ին Tabadul հարթակում հաջողությամբ ավարտվել է առաջին գործարքը, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Աբու Դաբիի շուկաների մասնակիցները միացել են միմյանց բորսաներին՝ շուկաները դարձնելով փոխադարձաբար հասանելի։

Ալսանը վստահություն է հայտնել, որ այս առևտրային ակտիվության շնորհիվ տեղեկատվության հասանելիությունը կավելանա, և ներդրողները տարբեր շուկաներում ավելի շատ բան կիմանան ներդրումային հնարավորությունների մասին Հայկական ֆոնդային բորսայում։ Դա ևս հնարավորություն է տալիս բանկերին և ֆինանսական ինստիտուտներին, բրոքերներին հասանելիություն ստանալ այլ շուկաների ֆինանսական պրոդուկտների նկատմամբ։

«ԱՅս պահին մենք ունենք երկու բանկային բրոքեր AMX–ից ADX–ում, և մենք հույս ունենք, որ Ամերիաբանկը կմիանա մեզ։ Եվ ես կարծում եմ, որր նրանք դիտարկում և գնահատում են այդ հնարավորությունը։ Մեր թիմերը կաշխատեն միասին, հուսով եմ, որ ապագայում նրանք կմիանան մեզ», – ասել է Ասլանը։

Նրա խոսքով, Tabadul–ը հենվում է «Միասին մենք ավելի ուժեղ ենք» հայեցակարգի վրա։

«Այսպիսով, որքան շատ բորսա միանա, որքան շատ աշխատենք միասին, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենանք մրցելու միջազգային ֆինանսական շուկաներում», – ընդգծել է նա։

Կապիտալի Եվրո–ասիական շուկաների ֆեդերացիայի մասին

FEAS-ը հիմնադրվել է 1995 թվականին Ստամբուլում, նրա հիմնական առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկաները անդամ երկրներում։ 2017 թվականին FEAS-ի գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Հայաստան։ Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ հայկական շուկան, թեև ամենամեծը չէ, բայց առաջադեմ է։ Ներկայումս ֆեդերացիան ունի 45 անդամ, դիտորդ և գործընկեր, ներկայացված է 30 երկիր, դրանք բորսաներ են, դեպոզիտարիաներ, տեխնոլոգիական ընկերություններ, որոնք կապված են կապիտալի շուկայի զարգացման հետ։

ConFEAS 2025–ի մասին

ConFEAS 2025 30–րդ հոբելյանական կոնֆերանսը տեղի ունեցավ Երևանում մայիսի 30-31-ը։ Կոնֆերանսին մասնակցել են մոտ 300 առաջատար փորձագետներ, որոնք ներկայացնում են ֆոնդային բորսաներ, կենտրոնական դեպոզիտարիաներ, բանկեր, կարգավորող մարմիններ, Եվրասիական տարածաշրջանի ներդրումային ընկերություններ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ։

Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, ինչպես նաև մարտահրավերներն ու նորարարությունները։ Ավելի քան 30 զեկուցողներ իրենց ելույթներում անդրադարձան կապիտալի շուկաներին վերաբերող բազմաթիվ թեմաներին։

MyInvest հարթակի մասին

MyInvest-ը Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը միաժամանակ հասանելիություն է ապահովում ավելի քան 30 միջազգային ֆինանսական շուկաների և ավելի քան 20 հազար բաժնետոմսերի ու պարտատոմսերի նկատմամբ։ Հարթակն առաջարկում է նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական ​​պարտատոմսեր, այդ թվում՝ եվրոպարտատոմսեր։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկսում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: