Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը
Ընկերության տրամադրած ծառայությունները բազմազան են՝ գերարագ ինտերնետից մինչև անվտանգության համակարգեր, հեռուստաալիքներ ու դամաֆոնային ծառայություններ:
Fnet Telecom-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը վերազինվեց՝ հնարավորություն տալով քաղաքացիներին օգտվել ավելի լավ ծառայություններից։
«Մեր գործունեությունը սկսել ենք 5-րդ Մասիվից, այնուհետև տարածվեցինք ամբողջ Երևանում և մարզերում։ Տելեկոմը միայն ինտերնետի և հեռուստաընկերությունների մասին չէ, այն նաև դամաֆոնների, ապահովության, անվտանգության մասին է։ Տրամադրում ենք ոչ միայն ինտերնետ և հեռուստաալիքներ, այլ նաև դամաֆոններ բազմաբնակարան շենքերի և առանձնատների համար։ Ակբա Լիզինգը մեզ առաջ մղեց՝ հնարավորություն տալով ձեռք բերել այսօրվա ամենազարգացած տեխնոլոգիաները, տեխնիկաները, որպեսզի դուրս չմնանք մրցակցությունից։ Ակբա Լիզինգի հետ Հայաստան ենք ներմուծել բազմաթիվ սերվերային լուծումներ, 6G, այս պահին նաև 7G սարքավորումներ բաժանորդների համար, ինչպես նաև 30 նոր մեքենաներ, որոնց միջոցով կարողացանք տարածքային սպասարկող ինժեներներին էլ ավելի մեծ արագություն ու հարմարավետություն տալ»,- նշել է Fnet ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը։
Մեծ ու համառ աշխատանքի շնորհիվ ընկերությունը դարձել է ոլորտի առաջատարներից մեկը՝ թվային ծառայություններ մատուցելով հազարավոր բաժանորդների:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։