Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության բաժնետոմսերի փաթեթը կարող է հանվել IPO–ի․ Փաշինյան

20.12.2024, 15:35
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության բաժնետոմսերի փաթեթը կարող է հանվել IPO–ի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության բաժնետոմսերի փաթեթը կարող է հանվել IPO–ի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստի ժամանակ։

2021 թվականի սեպտեմբերին «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն ձեռք է բերել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը և իր բաժնետոմսերի 25%-ը նվիրաբերել Հայաստանի կառավարությանը։ 2022 թվականի օգոստոսին ԶՊՄԿ բաժնետոմսերի 6,875%-ը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Այսպիսով, կոմբինատում պետության մասնաբաժինը կազմում է 21,875%:

«Այդ առումով հեռանկարում Հայաստանի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը, ինչին կնպաստի ընկերության բաժնետոմսերի բաց բաժանորդագրությունը։ Եվ մենք արդեն քննարկել և որոշել ենք, որ ընկերությունը պետք է զարգացնենք այն ուղղությամբ, որ Կառավարության բաժնեմասը դրվի բաց բաժանորդագրության, այսինքն՝ այն, ինչ միջազգայնորեն ընդունված է անվանել IPO, այսինքն՝ ցուցակվի, բայց դրա համար պետք է ընկերությունն առողջացման և թափանցիկության բոլորովին ուրիշ մակարդակում լինի, և հիմա Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի այդ տրամաբանությամբ», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին:

«Այս իրադարձությունն արժե ընդգծել, քանի որ նման բան երկրում տեղի չի ունեցել ավելի քան 20 տարի», – ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ այդ թիվը չի ներառում կոմբինատի վճարած հարկերը, 2024 թվականի հունվար - նոյեմբեր ամիսներին ԶՊՄԿ-ի վճարած հարկերի չափը կազմել է 73 մլրդ 800 մլն դրամ ։

Այսպիսով, նրա խոսքով, ընթացիկ տարվա 11 ամսվա տվյալներով, ԶՊՄԿ–ն պետական գանձարան է մուտքագրվել 107 մլրդ դրամի հարկ։

Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, 2023 թվականը կոմբինատն ավարտել է ավելի քան 294 մլրդ դրամ զուտ շահույթով, որից 152 մլրդ դրամը բաշխվել է որպես շահաբաժին: Կառավարությունը ստացել է իր բաժնեմասին համապատասխան՝ 33,2 մլրդ դրամ։ Ընդ որում, չբաշխված է մնում ևս 142 մլրդ դրամ։

Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես ընկերություն, ավելի ու ավելի արդյունավետ դառնա, քանի որ, ըստ վարչապետի, անկախ միջազգային գներից, ակնհայտ է, որ այս շահաբաժինը, մասնավորապես, այլ կոնֆիգուրացիաներում երբեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չէր մտնի, այլ կբաշխվեր անհատների կամ ընկերությունների միջև:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, պղնձի գինը միակ բաղադրիչ չէ, որի արդյունքում 33 մլրդ շահաբաժին է ստացվել, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ընկերության աշխատանքի թափանցիկությունն էականորեն փոխվել է, և այդ իմաստով ծախսերի հիմնավորվածությունը գլոբալ իմաստով շատ ավելի թափանցիկ է: 

Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ մյուս տարի ընկերությունը, բացի ֆինանսական հաշվետվությունից, հրապարակելու է նաև չորս հաշվետվություն, որոնք ուղղակիորեն վերաբերելու են կայուն զարգացմանը, բնապահպանությանը և սոցիալական պատասխանատվությանը:

ԶՊՄԿ-ը գտնվում է Սյունիքի մարզում՝ Հայաստանի հարավում՝ սահմանակից Իրանին և Ադրբեջանին: Կոմբինատը, որը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է, շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարը։ Կոմբինատի հանքաքարի պաշարը կազմում է մոտ 150 տարի։ ԶՊՄԿ-ն ավանդաբար գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալներով՝ կոմբինատի վճարումները պետբյուջե 2024 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել են 83,7 մլրդ դրամ։ ԶՊՄԿ-ի բաժնետերերից է ՀՀ կառավարությունը, որի մասնաբաժինը 21,875% է ($1 - 394,91 դրամ):