Ամերիաբանկը 9 ամսում ապահովել է միջինը 15%–ի աճ առանցքային ցուցանիշներով

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը պահպանել է առաջատարի դիրքը Հայաստանի ֆինանսական համակարգում` 2019թ.–ի 9 ամսում ապահովելով միջինը 15%–ի աճ ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, զուտ շահույթի և դեպոզիտների մասով, լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
«2015թ.–ից Ամերիաբանկը հիմնական ցուցանիշներով առաջատար բանկն է համակարգում, և 2019թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով`պատկերը չի փոխվել», – ասաց նա։
Բարսեղյանը նշեց, որ ապահովելով ամենամյա աճ վերջին 5 տարում միջինը 20%–ով` Ամերիաբանկը պահպանում է իր դիրքերը` զբաղեցնելով առաջին տեղը ակտիվներով, պարտավորություններով, կապիտալով և զուտ շահույթով, ու երկրորդ տեղը` դեպոզիտների ծավալով։
Վարկեր և թվային ծառայություններ
Մանրածախ գործառնությունների գծով տնօրենը նշեց, որ բանկի հիմնական ռազմավարական ուղղություններն են ՓՄՁ–ների մանրածախ վարկավորումն ու թվային ձևաչափի ծառայությունները։
«2019թ.–ի ընթացքում ֆիզիկական անձ–հաճախորդների թիվն ավելացել է` 200 հազարից դառնալով 250 հազար, մանրածախ ՓՄՁ–ների կողմից ներգրավված դեպոզիտների ծավալն ավելացել է` 244 մլրդ դրամից դառնալով 275 մլրդ դրամ, իսկ ընդհանուր առմամբ այս պահին այն գերազանցել է 280 մլրդ դրամի նշանաձողը», – նշեց Բարսեղյանը։
Ամերիաբանկի վարկային պորտֆելը ֆիզիկական անձանց համար 9 ամսվա ընթացքում գերազանցել է 160 մլրդ դրամը` արձանագրելով 40%–ի աճ։ Միաժամանակ, հիփոթեքային վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է` 45 մլրդ դրամից հասնելով 70 մլրդ դրամի` ապահովելով բանկի առաջատարի դիրքը հիփոթեքային վարկավորման շուկայում։
Ավտովարկերի ծավալը 9 ամսում ավելացել է` 2 մլրդ դրամից հասնելով 3 մլրդ դրամի, ինչը ևս ապահովել է բանկի առաջատարի դիրքը շուկայում։ Միաժամանակ տարբեր ուղղություններով և ծառայություններով ժամկետանց վարկերի մասնաբաժինը չի գերազանցում 2-3%–ը։
Թվային հարթակ
Ինչ վերաբերում է թվային հարթակում սպառողական վարկավորմանը, ապա 9 ամսում պորտֆելը 14 մլրդ դրամից դարձել է 24 մլրդ դրամ (70%–ի աճ)։ Միաժամանակ սպառողական վարկավորման ընդհանուր պորտֆելում թվային հարթակի մասնաբաժինը կազմել է 92%։
«Փաստորեն, ծառայության գործարկման պահից 1,5 տարվա ընթացքում վարկավորման ճնշող մեծամասնությունն իրականացվում է թվային առցանց–հարթակների միջոցով, այլ ոչ թե մասնաճյուղերում։ Նաև հատուկ ուշադրություն է դարձվում սպասարկման որակին, ինչը ևս ապահովել է որոշակի աճ», – ասաց նա։
Բարսեղյանի տվյալներով, III եռամսյակի արդյունքներով` թվային հարթակի միջոցով Ամերիաբանկում կատարվել է բանկային բոլոր գործարքների 80%–ը։
«Ինտերնետ բանկինգի օգտատերերի թիվը եռամսյակի ընթացքում ավելացել է 75%–ով, բանկինգի միջոցով իրականացված գործարքների թիվն ավելացել է 111%–ով, տերմինալների միջոցով իրականացված գործարքների թիվը` 400%–ով, վիրտուալ վճարումների համակարգի միջոցով իրականացված գործարքների թիվը`128%–ով», – նշեց Բարսեղյանը։
Բիզնես վարկավորում
Բիզնես վարկավորման պորտֆելը 9 ամսում ավելացել է` 18 մլրդ դրամից դառնալով 25 մլրդ դրամ։ Միաժամանակ, առցանց ռեժիմում տրամադրված վարկերի ծավալը եռապատկվել է։
«9 ամսում առցանց ռեժիմով տրամադրվել է մոտ 1000 բիզնես վարկ` ավելի քան 3 մլրդ դրամի ընդհանուր գումարով», – տեղեկացրեց Բարսեղյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: 2018թ.–ի արդյունքում Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի առաջատարն է բոլոր հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, մաքուր եկամուտ և կապիտալ)։–0–