Ամերիաբանկը նախատեսում է մոտ ապագայում ներդնել նոր նորարարություններ և թվային ծառայություններ հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը նախատեսում է առաջիկայում ներդնել նոր թվային ծառայություններ հաճախորդների համար, տեղեկացրեց Ամերիաբանկի Ռազմավարության և բիզնես հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հովհաննես Թորոյանը ուրբաթ առցանց հարցազրույցի ժամանակ։
«Մեզ համար ինովացիաները միշտ կարևոր են։ Մենք բավականին շատ գումար ենք ներդրել և շարունակում ենք ներդնել նորարարական բանկային ծառայություններում։ Մի շարք ծառայություններ արդեն ներդրել ենք, մյուսները շուտով կներդնենք։ Շատ շուտով կկարողանանք մեր հաճախորդներին տրամադրել նոր թվային ծառայություններ, որոնք ավելի վաղ չենք ունեցել։ Նաև մտադիր ենք մի փոքր պարզեցնել արդեն գործող թվային ծառայությունները, որպեսզի դրանք դառնան ավելի հասանելի մեր հաճախորդներին», – ասաց նա։
Այս համատեքստում անդրադարձ կատարվեց անկանխիկ վճարումների իրականացման հարցին։ Թորոյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ` անկանխիկ վճարումների թիվը զգալիորեն ավելացել է։
Նա նաև կարևորեց այդ գործընթացը ստվերային տնտեսության դեմ պայքարի համատեքստում։
«Մենք իրականացնում ենք խթանող ակցիաներ տարբեր ձեռներեցների հետ, որոնց նպատակն է այդ թվում գրավել մարդկանց վստահությունն ու վստահեցնել, որ անկանխիկ միջոցների օգտագործումը շատ ավելի անվտանգ է։ Ամերիաբանկը կներդնի մի շարք նախաձեռնություններ այս ուղղությամբ, որոնք կխթանեն անկանխիկ վճարումները բնակչության շրջանում», – ասաց բանկի ներկայացուցիչը։
Նա նաև նշեց, որ անկոնտակտ վճարումների զարգացումը Հայաստանում հետ է մնում, քանի որ մշակողների NFC տեխնոլոգիաները (տեղեկատվության փոխանակում 10 սմ հեռավորության վրա գտնվող սարքերի միջև, խմբգր.) ոչ բոլորի համար են բաց։
«Անկանխիկ վճարումների ավելացման դրական միտումը, վստահ եմ, ինչ–որ պահի կդառնա խթան, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք բացել այդ տեխնոլոգիաները Հայաստանի համար։ Փնտրելով այլընտրանք` մենք գտել ենք միջանկյալ լուծումներ, դրանք փոքրիկ սթիքերներ են, որոնք կապված են ձեր քարտին և որոնք կարող եք կապվել ձեր հեռախոսին», – ասաց Թորոյանը։
Բանկի ներկայացուցչի կարծիքով, կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը բացում է բազմաթիվ հնարավորություններ, քանի որ փոխվող պահանջների արդյունքում շահող կարող են դուրս գալ այն ֆինանսական կառույցները, որոնք կարող են բավարարել դրանք։
Նա կարծում է, որ ստեղծված պայմաններում կարևոր է ակտիվորեն աշխատել նորարարությունների ներդրման ուղղությամբ։
«Հենց այդ պատճառով մենք չենք դադարեցրել որոշ տեխնոլոգիաների զարգացումը, այլ հակառակը` փորձել ենք արագացնել այդ գործընթացը։ Հիմա միտումը, որը ներկայացնում էինք, փոխվել է, և շուկան շատ ավելի շուտ պատրաստ կլինի այդ տեխնոլոգիաների ներդրմանը։ Բացի այդ, դա վերաբերում է ոչ միայն վերջնական սպառողին։ Պետք է հասկանալ, որ այս ամենի հետևում կատարվում է մեծ աշխատանք` բեքօֆիսի օպտիմալացման և ավտոմատացման մասով»,– ասաց Թորոյանը։
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ– կողմից։–0–