Ամերիաբանկը պանրի և կաթնամթերքի նոր գործարանի հիմնական ֆինանսական գործընկերն է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի հիմնական ֆինանսական գործընկերն է։ Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Մարտի 26–ին կայացած գործարանի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 15 մլն դոլար։ Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ։
««Սպայկա» ընկերությունն Ամերիաբանկի աջակցությամբ լուծել է ինչպես ջերմոցների, այնպես էլ գործարանի կառուցման հետ կապված ֆինանսավորման հարցերը։ Առաջիկայում բանկն ընկերությանը կաջակցի նաև պարտատոմսերի թողարկման հարցում», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Սպայկա» ՍՊԸ–ն տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգն է, որը զբաղվում է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ: «Սպայկան» նաև միջազգային բեռնափոխադրումների ոլորտում առաջատար հայկական ընկերությունն է և արևահամ մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտահանողը դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա: Էկոլոգիապես մաքուր եվրոպական փքվող պոլիստիրոլե հումքի և գերմանական հեղինակավոր KURTZ ընկերության տարատեսակ փաթեթավորման սարքավորումների շնորհիվ գործարկվեց իր տեսակով և որակով տարածաշրջանում միակը հանդիսացող պոլիսթիրոլե արկղերի, բեռնատակդիրների արտադրությունը: Մշակվեցին միրգ-բանջարեղենի կյանքի ցիկլը երկարացնող մեխանիզմներ: Կառուցվեց ջերմակարգավորող Ա դասի սառնարանային համակարգ` 12,000 տոննա տարողությամբ: 2015 թվականին կոմպոտների և հյութերի, պահածոների նոր արտադրության ներդրման շնորհիվ, «Սպայկան» նախատեսում է մթերել և իրացնել տարեկան 20,000 տոննա գյուղմթերք: Արտադրության տարեկան արտադրական ծավալը կազմում է 42 մլն. տարա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը բազմիցս արժանացել է միջազգային ֆինանսական մրցանակների` Euromoney, Global Finance, The Banker։–0–