Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը

28.09.2021, 19:58
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Համագործակցության շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10 հազար եվրո կտրամադրի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:

«Հայաստանում սոցիալական բնակարանային զարգացման ռազմավարության մշակման հետազոտությունը կարևոր է բոլորիս համար: Պետք է ունենալ երկարաժամկետ տեսլական` իրականացնելու ծրագիր, որի սոցիալական ազդեցությունը մեծ կլինի Հայաստանի բնակչության համար: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, մենք մշտապես կարևորել ենք նմանատիպ նախագծերի իրականացումը, քանի որ ստացված արդյունքների միջոցով հնարավոր կլինի խնդիրներ  լուծել ոչ հեռու ապագայում», - նշել է ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը:

Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։

Սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարությունը մշակելու համար իրականացվելու է հատուկ հետազոտություն՝ ներառելով սոցիալական բնակապահովության ոլորտում միջազգային փորձի վերլուծություն, հայաստանյան իրավիճակի ուսումնասիրություն, կարիքների վերհանում և գնահատում ըստ սոցիալական խմբերի, խոցելիության աստիճանի, ինչպես նաև տարածքային բաշխվածության և այլ չափանիշների:

Ամունդի-ԱԿԲԱ-ն կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–