Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Արդշինբանկը ներգրավել է 20մլն դոլարի վարկ Կլիմայի գործընկերության գլոբալ հիմնադրամից կանաչ էներգետիկայի զարգացման նպատակով

30.06.2021, 15:26
Բանկն ունի բոլոր հնարավորությունները` ավելի մեծ հզորությամբ էլեկտրակայանների ֆինանսավորման համար
Արդշինբանկը ներգրավել է 20մլն դոլարի վարկ Կլիմայի գործընկերության գլոբալ հիմնադրամից կանաչ էներգետիկայի զարգացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը Կլիմայի գործընկերության գլոբալ հիմնադրամից (ԿԳԳՀ/ GCPF) 20մլն ԱՄՆ դոլար վարկ է ստացել։

Ներգրավված միջոցները կուղղվեն էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերում վարկային ներդրումների ավելացմանը՝ հիմնականում արևային պանելների ֆինանսավորման նպատակով։ Ենթավարկերը կարող են տրամադրվել տնային տնտեսություններին, փոքր և միջին բիզնեսին, խոշոր կորպորացիաներին, ինչպես նաև համայնքապետարաններին/մունիցիպալ օբյեկտներին, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկն աճում է ամբողջ աշխարհում։

«Հայաստանը զարգացնում է արևային էներգետիկան` փնտրելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Այս ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ` հաշվի առնելով Հայաստանում արևային օրերի քանակը։ Արդշինբանկն ամբողջությամբ հետամուտ է մեր երկրում կանաչ վարկավորման և կանաչ էներգետիկայի նախագծերի իրականացմանը` աջակցելով փոքր հիդրոէլեկտրակայանների, արևային կայանների կառուցմանն ու վերակառուցմանը», – ասել է նա։

Անանյանի խոսքով, բանկն ունի բոլոր հնարավորությունները` ավելի մեծ հզորությամբ էլեկտրակայանների ֆինանսավորման համար։

«Միայն վերջին տարվա ընթացքում այդ նպատակով տրամադրվել է մոտ 30 մլն դոլարի վարկ։ Նոր միջոցները կօգնեն մեզ զգալիորեն ընդլայնել Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող մեր ներդրումային հնարավորությունները, մասնավորապես, կազմակերպություններին տրամադրելով «կանաչ» վարկեր արևային պանելներ գնելու և տեղադրելու համար», – ասել է նա։

Անանյանը նշել է, որ Արդշինբանկը ձգտում է էկոլոգիական սկզբունքները դարձնել սեփական մշակույթի մասնիկ։

«Բանկը շարունակելու է աջակցել իր հաճախորդներին մաքուր էներգիայի օգտագործման հարցում` մշակելով նոր պրոդուկտներ էներգաարդյունավետության բարձրացման համար և ավելացնելով հաճախորդների իրազեկվածության մակարդակը կանաչ էներգետիկայի մասին», – եզրափակել է Արդշինբանկի վարչության նախագահը։

GCPF–ը Լյուքսեմբուրգում տեղակայված ներդրումային ընկերություն է, որի նպատակն է ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության նախագծերի մեջ ձևավորվող շուկաներով երկրներում և զարգացող երկրներում` էներգիայի սպառման և/կամ CO2–ի արտանետումների նվազեցման նպատակով։ Հիմնադրամում ներառված են պետական և մասնավոր ներդրողներ։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար բանկերից է։ Բանկը բազմիցս ճանաչվել է լավագույն հայկական բանկը առաջատար միջազգային պարբերականների կողմից: 2020թ.–ին Global Finance ամսագիրն Արդշինբանկը ճանաչել է «Տարվա լավագույն բանկը», ինչպես նաև «Տարվա ամենահուսալի բանկը» Հայաստանում։ Արդշինբանկը 2020 թվականի Լավագույն բանկ է ճանաչվել նաև բրիտանական ինստիտուցիոնալ ներդրողների Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից։ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը 2020 թվականին Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես «Տարվա գործարք» Եվրոպայում: «Արդշինբանկ» ՓԲԸ–ն 2021թ.–ին Asian Banking & Finance–ի (ABF) կողմից ճանաչվել է «Հայաստանում տարվա լավագույն մանրածախ բանկը»:–0–